26/11/2015 17:41
Հ. Սահակյան. Հարգարժան Լևոն Տեր-Պետրոսյանը, թերևս, խառնում է
Եթե ներկայում աշխարհում և տարածաշրջանում դժվարին աշխարհաքաղաքական իրավիճակ է ձևավորվել, դեռ չի նշանակում, որ Հայաստանը չպետք է բարեփոխումներ իրականացնի: Այս մասին Aysor.am-ին ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը՝ մեկնաբանելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա հոդվածը, որում վերջինս քննադատում է սահմանադրական փոփոխությունները՝ նշելով, որ հաշվի առնելով առկա զարգացումները՝ նման փոփոխությունները կարող են ներքաղաքական ապակայունացման հանգեցնել:
«Հակառակը՝ հենց նման պայմաններում է հարկավոր խորքային փոփոխություններ իրականացնել, ինչը կօգնի նաև դիմակայել արտաքին մարտահրավերներին»,- շեշտեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի պնդմանը, թե բնակչությունը դեմ է այս փոփոխություններին, ապա Հ.Սահակյանը նշեց, որ, թերևս, Լևոն Տեր-Պետրոսյանը ինչ-որ բան խառնում է:
«Ասելով, թե բնակչության ¾-ը դեմ է սահմանադրական բարեփոխումներին, հարգարժան առաջին նախագահը երևի խառնել է այս տվյալները 1995 թվականի սահմանադրական հանրաքվեի տվյալների հետ»,- ասաց նա՝ հավելելով, որ ամենալուրջ փաստարկը, որ փոփոխությունները տեղին են և սպասված, այն լայն կոնսոլիդացիան է, որ դրսևորվեց ՀՀ քաղաքական ուժերի կողմից:
«Պետք չէ մոռանալ, որ նախագիծը ԱԺ 131 պատգամավորներից 101-ի հավանությանն արժանացավ, իսկ սա լուրջ ցուցանիշ է»,- հավելեց Հ. Սահակյանը: