26/11/2015 11:30
Տուգանքների չափը դեռ կմնա անփոփոխ
Կառավարությունն իր այսօրվա նիստում բացասական եզրակացություն տվեց ԱԺ մի խումբ պատգամավորների` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ներկայացնելով նախագիծը՝ ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հորդորեց հեղինակներին ներկա փուլում ձեռնպահ մնալ օրենսդրական նախաձեռնության քննարկումից.
«Պատգամավորներն առաջարկում են կրկնակի չափով կրճատել առավել հաճախ հանդիպող և նվազ հասարակական վտանգավորություն ունեցող ճանապարհատրանսպորտային իրավախախտումների համար նախատեսված տուգանքները: Ներկայումս մշակվում է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագիծը, որում ամրագրվում են նոր մոտեցումներ և սկզբունքներ: Բացի այդ, 2015 թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ Նախագահի մոտ կայացած խորհրդակցության արդյունքում ստեղծված հանձնաժողովի աշխատանքների օրակարգում է ճանապարհային երթևեկության նվազ վտանգավոր, միտում չպարունակող խախտումների համար տուգանքները նախազգուշացմամբ փոխարինելու, ինչպես նաև տուգանքների կրկնակի վճարման (գանձման) դեպքերը բացառելու համակարգի ներդրումը»,- տեղեկացրեց Արփինե Հովհաննիսյանը: