26/11/2015 13:20
Հերիք է խաբեք այս ժողովրդին, Մարդու իրավունքների պաշտպան եք, բայց ոչ մի հարց չեք լուծում
Երևանի Ֆիրդուսի, Արամի և Բյուզանդի բնակիչներն այս պահին փակել են Տիգրան Մեծ պողոտայի՝ դեպի Հանրապետության հրապարակ տանող հատվածը։ Նրանք պահանջում են հետ վերադարձնել իրենց տները: Հիշեցնենք, որ արդեն 8 տարի է, ինչ այս մարդիկ ապրում են վարձով բնակարաններում. նրանց տների տարածքները ճանաչվել են պետական գերակա շահ:
Ի դեպ ակցիայի վայրում է նաև ՄԻՊ Կարեն Անդրեասյանը, ով փորձեց մոտենալ նրանց ու հասկանալ, թե ինչով կարող է օգնել նրանց, սակայն բնակիչները չլսեցին նրան՝ նշելով, թե վերջինս պաշտպանում է իշխանությունների շահերը: «Հերիք է խաբեք այս ժողովրդին, մարդու իրավունքների պաշտպան եք, փոխանակ պաշտպանեք մեզ, ոչ մի հարց չեք լուծում: Վարչապետը ձեզ ուղարկել է, որ էլի՞ մեզ խաբեք»,-հեգնեց բնակիչներից մեկը:
Կարեն Անդրեասյանն էլ իր հերթին նշեց, որ ինքը ոչ ոքի չի պատրաստվում խաբել, և որ կարող են գնալ իր մոտ՝ հարցը մանրամասն քննարկելու, սակայն բնակիչները չհամաձայնեցին, շարունակելով, որ մի քանի տարի շարունակ իրենց խնդիրը ներկայացնում են նախագահին, վարչապետին, Մարդու իրավունքների պաշտպանին, սակայն որևէ մեկը չի փորձում խնդիրը լուծել: «Գալստուկը կապել, եկել եք մեզ խաբում էլ ուզում եք խաբել: Արդեն հոգնել ենք ձեր խոստումներից»,- ասացին բնակիչները:
«Որ գալստուկս հանեմ, ինչ-որ բան կփոխվի՞»,- հարցրեց Կարեն Անդրեասյանը:
Ակցիան հսկում են տասնյակ ոստիկաններ, ովքեր փորձում են ակցիայի մասնակիցներին հանդարտեցնել ու անցնող մեքենաների համար ճանապարհ բացել, սակայն բնակիչներն ընդդիմանում են ու վարչապետի հետ կրկին հանդիպում պահանջում: Հրմշտոցների հետևանքով բնակիչներից մեկի ինքնազգացողությունը վատացավ, նրան տեղափոխեցին հիվանդանոց։ Կինը պնդում է, թե ոստիկանները հարվածել են իր որովայնին։