30/11/2015 13:08
ԱՎԾ. Հայաստանում քաղաքացիների 37 տոկոսն աշխատանք չունի ու չի էլ փնտրում
Հայատանում աշխատանքային ռեսուրսի ընդհանուր թվի 37 տոկոսն աշխատանք չունի ու չի էլ փնտրում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմա ժամանակ ասաց Ազգային վիճակագրական ծառայության աշխատանքի վիճակագրության բաժնի պետ Լուսինե Քալանթարյանը:
Նրա խոսքով՝ այս տարվա երկրորդ եռամսյակի տվյալներով մեր երկրում աշխատանքային ռեսուրսը կազմում է 2,1 միլիոն մարդ:
«Նրանցից աշխատանքային շուկայում ակտիվ մասնակցություն ունեցողները 63% են կազմում: 63 %-ի մեջ ներառված են ինչպես զբաղվածները, այնպես էլ՝ աշխատանք փնտրողները: Մյուս 37 %-ն ընդհանրապես աշխատանք չի փնտրում: Ընդ որում, զբաղվածների 51 տոկոսը տղամարդիկ են, 49-ը՝ կանայք, իսկ գործազուրկների 52 տոկոսը կազմում են կանայք, 48-ը՝ տղամարդիկ»,-ասաց Լուսինե Քալանթարյանը:
Անդրադառնալով աշխատանք փնտրելու գործընթացին՝ բանախոսը նշեց, որ շարունակում է արդիական մնալ «ծանոթ-բարեկամի միջոցը»:
«Միևնույն ժամանակ ի տարբերություն նախորդ տարիների, այժմ ավելի շատ աշխատանք փնտրելու համար նախ և առաջ դիմում են գործատուին, հետո նոր՝ ծանոթ-բարեկամին»,- ասաց Լուսինե Քալանթարյանը: