30/11/2015 11:11
Խոշոր վթար՝ Ալավերդիի մոտ. Մեկ մարդ մահացել է
Նախօրեին, ժամը 18.20-ին ՏԿԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի նախկին Շրջկոմի մոտակայքում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻն մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհի 11-րդ կմ-ում բախվել են «Mersedes Vito» մակնիշի (վարորդ` 1961 թ. ծնված Հ. Ա.), «Volkswagen Golf» մակնիշի (վարորդ` 1986 թ. ծնված Է. Ս.) և «ЗИЛ-130» մակնիշի (վարորդ` 1991 թ. ծնված Կ. Ս.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ЗИЛ-130» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:
Հրշեջ-փրկարարները «Mersedes Vito» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորներ` 1958 թ. ծնված Ս. Մ.-ին, 1980 թ. ծնված Ա. Հ.-ին, 1963 թ. ծնված Գ. Մ.-ին և վարորդ Հ. Ա.-ին:
Տուժածները տեղափոխվել են Ալավերդի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Գ. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, մյուսներինը՝ բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Գ. Մ.-ը հիվանդանոցում մահացել է: