30/11/2015 12:17
Արա Աբրահամյանը Պետդումային խնդրել է պաշտպանել Ցեղասպանության ժխտման համար պատասխանատվության օրինագիծը
Ռուսաստանի «Հայերի միությունը» պաշտպանում է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվության մասին օրինագիծը: Ինչպես փոխանցում է Риа Новости-ն, Հայերի միությունը Պետդումայի խոսնակին ու Դումայի չորս խմբակցությունների ղեկավարներին խնդրում է աջակցել փաստաթղթի ընդունմանը:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ «Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդներ Սերգեյ Միրոնովը և Նիկոլայ Լևիչևը Պետդումա օրինագիծ են մտցրել 1915-1922 թվականներին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության չճանաչման համար պատասխանատվության ենթարկելու մասին:
«ՌԴ «Հայերի միությունը» լիովին պաշտպանում է այդ օրինագծի ընդունումը, որն անհրաժեշտ է համարում ՌԴ-ի անվտանգության ամրապնդման շահերի տեսանկյունից և կոչ է անում ձեզ պաշտպանել այդ հույժ կարևոր օրենսդրական նախաձեռնությունը»,- ասված Է ՌԴ Հայերի միության նախագահ Արա Աբրահամանի ուղերձում:
Նա ընդգծել է նաև, որ ՌԴ-ում նման փաստաթղթի ընդունումը կստեղծի համակարգային ու լուրջ մեխանիզմներ՝ ընդդեմ կեղծարարության ու պատմական փաստերի խեղաթյուրման, որոնք տարածվում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԶԼՄ-ներում:
«Կաշառված լրագրողների, բլոգերների, բոլոր տեսակի «փորձագետների» ու կառավարական պաշտոնյաների կողմից տարածված ապատեղեկատվությունը թույլ է տալիս ոչ թե թյուրիմացության մեջ գցել Ռուսաստանի քաղաքացիներին, այլ պղծել մեռած մարդկանց հիշատակը: Այս փաստաթղթի ընդունումը թույլ կտա ստեղծել նաև իրական հիմքեր՝ կանխելու համար թուրքական կառավարության նման գործողությունների կրկնությունը»,- ասված է հայտարարության մեջ:
ՌԴ «Հայերի միության» նախագահը միևնույն ժամանակ շնորհակալություն է հայտնել օբյեկտիվ և հետևողական դիրքորոշում ցուցաբերլու համար: