30/11/2015 16:00
Առաջին անգամ ամրագրվում է սոցիալ-դեմոկրատական արժեքների հիմքը. Արծվիկ Մինասյան
Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավը շոուի մակարդակի է՝ որևէ բովանդակային քննարկում անմիջապես ընտրողի հետ, չի եղել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Դեմկուսի ղեկավար Արամ Սարգսյանը:
«Քաղաքացիներն այսօր տեղյակ չեն նախագծի բովանդակությանը: Լուրջ իրական քննարկում ընտրողի հետ չի եղել, նույնիսկ մենք չենք ստացել ամբիոն, որ բովանդակային բացատրենք ժողովրդին՝ ինչու ենք ասում «ոչ»: Ինչ կատարվում է, արվում է շոուի մակարդակով: Մեզ համար, որ սոցիալական արդարության սկզբունքի կուսակցություն ենք, նախագծում որևէ ապահովվածություն այդ իրավունքների համար չկա»,- նշեց նա՝ ընդգծելով, որ իր համար անհասկանալի է հատկապես «առնվազն հարյուր մեկ պատգամավոր» ձևակերպումը:
Դեմկուսի ղեկավարի համոզմամբ՝ իշխանությունները հանրաքվեի խնդիր դնելու իրավունք չունեն: Նրա խոսքով՝ այդ արհեստական մեծամասնությունը կազմելու են էլի իշխանությունները: «Պետք է չէ իլյուզիաներ ունենալ: Շնից մազ պոկելը սկզբունք է դառնալու: Մենք բոլորս պետք է պայմանավորվենք, թե ինչպես ենք ապրելու այս պետության մեջ: Սահմանադրական փոփոխությունները իդեալական փաստաթուղթ պետք է լինեն, որ մի տասը տարի ապրենք դրանով: Եղած Սահմանադրությունը լավ չէ, սակայն «ոչ» ասելով փոփոխություններին՝ ժողովուրդը իշխանություններին դեղին քարտ է ցույց տալիս, որովհետև այլևս չի հավատում այս իշխանություններին»,- ասաց նա:
Ասուլիսի մեկ այլ բանախոս, «Այո»-ի կողմնակից, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այդ կարծիքին չէ: Նրա խոսքով՝ այսօր իշխանություններին պետք չէ մեղադրել, քանի որ փոփոխություններն իշխանությունների լիազորությունների մեջ են տեղավորվում: «Պետք է ներգրավվել փոփոխությունների նախագծում ու իշխանություններից պահանջել ավելին: Ես կարծում էի՝ դուք պետք է առաջինը ողջունեիք այս փոփոխությունները, քանի որ նախագծում դեմոկրատայի սկզբունքները ամրագրված են տնտեսական կարգի մեջ: Առաջին անգամ ամրագրվում է սոցիալ-դեմոկրատական արժեքների հիմքը, կիրառելի մեխանիզմ են դարձնում սոցիալական իրավունքները՝ դատական պաշտպանության վերջնական մեխանիզմով: Գործող Սահմանադրության մեջ գրված է բնակարան ունենալու իրավունքը, որն այդպես էլ չկիրառվեց: Իսկ հիմա այն շաղկապված է մարդու կարիքի հետ և դա ճիշտ է»,- դիմելով Ա. Սարգսյանին ասաց պատգամավորը՝ շեշտելով նաև, որ Սահմանադրական փոփոխությունները քաղաքական ընդդիմությանը շատ լուրջ իրավունք են վերապահել և առաջիկայում Հայաստանն ունենալու է ոչ միայն պատասխանատու իշխանություն, այլ նաև պատասխանատու ընդդիմություն:
«Իշխանությունը կարծրացնում է իր դիրքերում, իսկ ընդդիմությունը դառնում է հայհոյող: Արդյունքում մնում ենք նույն կոտրած տաշտակի առջև: Իսկ փոփոխությունները մեր քաղաքացիներին կդարձնեն հետևողական այն ծրագրերի իրականացման գործում, որոնք ներկայացրել են քաղաքական ուժերը: Մենք այս նախագծով կխուսափենք մարտի մեկերից»,- ասաց նա:
Անդրադառնալով առաջարկություններիին Ա. Մինասյանը նկատեց, որ բոլոր քաղաքական ուժերի առաջարկություններն էլ հաշվի են առնվել: «Ձեր առաջարկները քննարկվել են, մեծամասամբ մերժել են, բայց այնպես չէ, որ մեր առաջարկություններն ամբողջությամբ ընդունվել են: Մենք իրական հնարավորություններ ենք տեսնում այս նախագծով երկիրն այս վիճակից հանելու համար»,- դիմելով Արամ Սարգսյանին՝ հավելեց նա:
Ա. Մինասյանը նաև իր հետ բերել էր 1995թ.մամուլի հրապարակումներ, որտեղ ՀԴԿ-ն կողմ էր արտահայտվել խորհրդարանական համակարգին: