30/11/2015 14:26
«Խորհրդարանական ընտրություններում 2-րդ փուլի անհրաժեշտություն երբեք չի լինի»
Սահմանադրական այս փոփոխությունները մեկ քայլ առաջ են ու դրանց պետք է կողմ քվեարկել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը:
Անդրադառնալով փոփոխություններով նախատեսված խորհրդարան կազմելու մեխանիզմներին՝ պատգամավորն ասաց, որ, իր կարծիքով, խորհրդարանական ընտրություններում երկրորդ փուլի անհրաժեշտություն երբեք չի լինելու:
«Սա գրված է այն իրավիճակի համար, երբ կոալիցիա չի կազմվի, բայց նման բան չի լինելու երբեք: Ընդհանուր առմամբ ես ինքս էլ այդ դրույթին դեմ եմ արտահայտվել»,- ասաց Լևոն Մարտիրոսյանը:
Պատգամավորը հիշեցրեց, որ միշտ կողմ է արտահայտվել հարյուր տոկոսանոց մեծամասնական ընտրական կարգին:
«Սրա հետ կապված կարծիքս միշտ էլ հրապարակավ հայտնել եմ: Պարտադիր չէ, որ ամեն ինչին կողմ լինենք: Այնուամենայնիվ, այս փոփոխությունները մեկ քայլ առաջ են և պետք է կողմ քվեարկել»,- ասաց պատգամավորը: