30/11/2015 10:45
Բ. Սահակյան. Ոստիկանների սոցիալական պայմանների բարելավման խնդիրներն այսուհետ էլ կլինեն պետության ուշադրության կենտրոնում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության ծառայողի օրվա կապակցությամբ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Ուղերձում ասված է.
«Ոստիկանության հարգելի՛ աշխատակիցներ և վետերաններ,
Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:
Դուք իրականացնում եք դժվարին ու պատասխանատու աշխատանք` կապված մարդու անվտանգության, հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման, հանցագործությունների և իրավախախտումների նախականխման և կանխման, հանցագործությունների հայտնաբերման և բացահայտման հետ:
Այդ իսկ պատճառով ոստիկանության յուրաքանչյուր ծառայողից պահանջվում է աշխատել ջանքերի լարումով և մեծագույն նվիրվածությամբ ձեր մասնագիտությանը, հարազատ ժողովրդին ու հայրենիքին` բարձր արհեստավարժությամբ իրականացնելով պարտականությունները և արդյունավետորեն լուծելով առաջադրված խնդիրները:
Ոստիկանության աշխատակիցների աշխատանքային և սոցիալական պայմանների բարելավման խնդիրներն այսուհետ էլ կլինեն պետության ուշադրության կենտրոնում:
Թանկագի՛ն բարեկամներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ ոստիկանության ծառայողի օրվա առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք»: