30/11/2015 19:00
Բնապահպանական անվտանգությունը և կայուն զարգացումը` հայ երիտասարդների ուշադրության կենտրոնում
Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է կայուն զարգացման հայեցակարգի և բնապահպանական միջազգային կոնվենցիաների շրջանակներում իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացմանը՝ այդ գործում կարևորելով երիտասարդության ակտիվ մասնակցությունը:
Այս գաղափարն է ընկած նոյեմբերի 27-ին Երևանում մեկնարկած «Ապագայի իրազեկ քաղաքացի» բնապահպանական ուսուցողական ծրագրի հիմքում: Ծրագիրն իրականացվում է «Եղվարդ» երիտասարդական բնապահպանական հասարակական կազմակերպության կողմից՝ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսավորմամբ, ինչպես նաև Եղվարդի բնապահպանական տեղեկատվության հասարակակական «Օրհուս» կենտրոնի և Երիտասարդական ակումբների դաշնության աջակցությամբ:
Ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանության սկզբունքով իրականացվող հնգօրյա ծրագրին մասնակցում են Հայաստանի և Արցախի Հանրապետությունների թվով 24 երիտասարդներ, որոնք հետաքրքրված են բնապահպանական կարթության, շրջակա միջավայրի անվտանգության ապահովման, ինչպես նաև կայուն զարգացման հայեցակարգին առնչվող հիմնախնդիրներով:
Ծրագիրը նպատակ ունի երիտասարդների տեղեկացվածության մակարդակի բարձրացմամբ և ուսուցման կազմակերպմամբ նպաստել նրանց ակտիվ ներգրավմանը բնապահպանական հիմնախնդիրների լուծման գործընթացում՝ այս կերպ երիտասարդների շրջանում արմատավորելով առողջ և կայուն շրջակա միջավայր ունենալու անհրաժեշտությունը և բնապահպանական խնդիրների նկատմամբ պատասխանատու կեցվածք դրսևորելը: Ծրագրի ընթացքում երիտասարդները կիրառական գիտելիքներ են ձեռք բերելու բնապահպանական խնդիրների հետ կապված հանրությանը պատճաշ իրազեկում անելու, բնապահպանության ոլորտին առնչվող որոշումների ընդունման գործում ակտիվ մասնակցություն ունենալու մեխանիզմների, կայուն զարգացման ոլորտում ՀՀ միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների իրականացման և ընթացքի վերաբերյալ:
«Եղվարդ» երիտասարդական բնապահպանական ՀԿ ղեկավար Սիրարփի Մանյանի խոսքով՝ այս ծարգիրը միակը չէ, որ իրականացնում է կազմակերպության կողմից: Շուրջ վեց ամիս է կազմակերպությունը մասնակցում է «CLEEN-2015» միջազգային ծրագրին՝ Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի հետ միասին, որի նպատակն է մասնակից երկրների բնապապանական կազմակերպություններին տալ էներգոխնայողության և էներգետիկ քաղաքականության ձևավորման մասին անհրաժեշտ գիտելիքներ:
Ծրագրի շրջանակներում արդեն իրականացվել է Էներգոխնայողության ոլորտում Հայաստանի օրենսդրական դաշտի վերլուծություն, կառավարության կողմից մշակված հայեցակարգային փաստաթղթերի ուսումնասիրություն, ինչպես նաև էներգոռեսուրսների սպառման մասին սոցհարցումներ համայնքային մակարդակում: 2016թ-ից արդեն սպասվում է ծրագրի մեծ փուլի մեկնարկը: