30/11/2015 13:46
Ժիրայր Սեֆիլյան. Ես դեկտեմբերի 1-ը նմանեցնում եմ Մարտի 1-ին
«Հայ ժողովրդի համար արտառոց օրեր են սպասվում, մենք մոտենում ենք արդեն եզրագծին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ընդդիմության միասնական շտաբի» պետ Ժիրայր Սէֆիլյանը՝ բոլորին հորդորելով միանալ իրենց՝ դեկտեմբերի 1-ին, Ազատության հրապարակում:
Նա նաև խորհուրդ տվեց մարդկանց իրենց հետ ունենալ տաք հագուստ և մի քանի օրվա ուտելիքի պաշար: «Մարզերից եկողներին տրանսպորտի հարցում օգնություն կլինի և հույս ունեմ, որ խոչընդոտ չի լինի, իսկ առհասարակ՝ գալիք օրերի հետ կապված՝ լավատես եմ, չեմ կարծում, որ ռեժիմից ձերբազատվելու համար երկար օրեր կպահանջվեն: Արդեն նախապատրաստվում ենք մեր փոփոխություններին, կլինի անցումային կառավարություն, իսկ վաղը որոշ փակագծեր արդեն կբացենք»,- ասաց նա:
Ամփոփելով միասնական շտաբի կատարած աշխատանքի արդյունքները՝ Ժ. Սեֆիլյանն ընդգծեց, որ ինչպես որ նախանշեվել էր, «ոչ»–ի քարոզի ընթացում ավելի շատ շեշտադրումը եղել է հիմնակամում այն բանի վրա, որ մարդիկ պետք է մասնակցեն քվեարկությանը և իրենց հստակ «ոչ»-ն ասեն սահմանադրական փոփոխություններին։
«Համաժողովրդական պայքարը հաստատ մինչև դեկտեմբերի 3-ը չի հասնելու: Հանրահավաքից հետո մենք չենք ուզում վերադառնալ տուն, մինչև չձերբազատվենք այս ոճրագործ ու կեղեքող ռեժիմից: Մենք չենք պատրաստվում հերթական արյունը հեղելու, բայց և չենք պատրաստվում տուն գնալ: Ես դեկտեմբերի 1-ը նմանեցնում եմ Մարտի 1-ին: Պրոցեսը պետք է շարունակվի, բայց առանց զոհերի. մեր ժողովուրդն արդեն իր զոհը տվել է»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի մեկին ընդդիմադիր ուժերն Ազատության հրապարակում հանրահավաք են հրավիրել և պատրստվում են նստացույց հայտարարել: