30/11/2015 20:21
Թող Թուրքիան ու Ռուսաստանն իրանց գործն անեն, մեր պետությունն էլ՝ իր. Քաղաքագետ
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը չի կարծում, թե ռուս-թուրքական լարվածությունը որևէ կերպ կարող է անդրադառնալ Հայաստանի վրա: Aysor.am-ի թղթակից հետ զրույցում քաղաքագետը տեսակետ հայտնեց, թե չի կարծում, որ այդ լարվածությունը կարող է Հայաստանի համար վտանգավոր լինել, որովհետև այսպիսի լարվածությունը սպասելի էր:
«Սակայն Հայաստանի համար մի լավ բան ամեն դեպքում եղել է: Մենք զգուշացել ենք, որ ռուս-թուրքական հակամարտությունը կարող է նման ավարտ ունենալ: Պատմությունը ցույց է տվել, որ երբ այս երկու պետությունները «մերձենում» են, Հայաստանն այդ երկու «ընկերների» միջև դառնում է տուժող, բայց այդ հարաբերություններն այսօր այնքան են փչացել, որ Հայաստանի հաշվին այլևս հարց լուծել չեն կարող»,- նկատեց նա՝ նշելով, որ թեև մենք միակ ժողովուրդն ենք, ով պատմությունից դասեր չի քաղում, բաց այս անգամ պետք է զսպված լինենք: «Թող Թուրքիան ու Ռուսաստանն իրանց գործն անեն, մեր պետությունն էլ՝ իր»,- հավելեց նա:
Լ. Շիրինյանի խոսքով՝ այս ընդհարումը նախևառաջ Ռուսաստանի համար ընդգծեց Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի դերն ու նշանակությունը: «Այսինքն՝ ամեն ինչի մեջ չէ, որ վատ բան կարելի է տեսնել: Այդ վատ իրականության մեջ Հայաստանի համար այսօր այս կարևոր ու դրական փատն ենք արձանագրում»,- ասաց նա:
Դիտարկմանը՝ Ռուսաստանը մշակել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր օրինագիծ, արդյոք սրանով փորձ չի արվում սրել առանց այդ էլ լարված հայ-թուրքական հարաբերությունները, քաղաքագետը նշեց՝ ոչ: «Այդ օրինագիծն այդ նպատակով չէ, որ մշակվել է: Ռուսաստանն այն մշակել է, որպեսզի ևս մեկ անգամ թքի թուրք վրա: Եթե նույնիսկ անգամ հայերը չլինեին, այդ հարցը Ռուսաստանն, այսպես թե այնպես, օգտագործելու էր: Ռուսաստանը պարզապես դրանով ևս մեկ անգամ ամբոջղ աշխարհին հիշեցնում են, որ թուրքը շարունակում է մնալ նույն ոճրագործն ու ցեղասպանը: Փաստորեն Վլադիմիր Ժիրինովկու նման քաղաքական գործիչն արեց այն, ինչի համար Հայաստանից հսկայական գումարներ կպահանջվեին: Սա նաև դրական է նրանով, որ հայ պատմաբանների համար ուսումնասիրելու, ճշտելու նոր թեմա առաջ եկավ: Մենք միշտ ասել ենք, որ Հայաստանը ծախել են բոլշևիկները, հիմա նույնն ասում է Ժիրինովսկին»,- ընդգծեց քաղաքագետը:
Քաղաքագետի խոսքով՝ այս լարվածության ֆոնին՝ ռուս կքասերները կտեսնեն, թե ինչ արժեցավ իրենց վրա Թուրքիային օգնելն ու փրկելը:
«Լենինը ժողովրդին սոված թողեց, բայց Թուրքիային փրկեց: Դե հիմա թող տեսնեն, թե դա քանի կոպեկ արժեցավ իրենց վրա: 20 թվերին Ռուսաստանն է առևտուր արել այդ ոճրագործների հետ: Միլիոնավոր մարդիկ մահացան սովից, իսկ այդ փողը կարող էին տալ ու էդ մարդկանց փրկէին, բայց չարեցին, օգնեցին այդ ճիվաղներին, ու հիմա էլ թող էդ ճիվաղների համը տեսնեն»:
Ինչ վերաբերում է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի այն հայտարարությանը, թե Թուրքիան պատրաստ է սատարել Ադրբեջանին, որպեսզի նա վերադարձնի այսպես կոչված՝ «օկուպացված» տարածքները, քաղաքագետը նախ նկատեց, որ արդեն որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Թուրքիան օգնում է Ադրբեջանին, ապա հավելեց. այստեղ որևէ նոր բան չի տեսնում: «Սա ուղղակի դեմոնստրատիվ, ցուցադրական քայլ է, որ նոր են պատրաստվում օգնել: Ո՞ւմ համար պարզ չէ, որ Թուրքան է Ադրբեջանի մեջքին կանգնած: Եթե Թուրքիայի վարչապետը նման հայտարարություն չաներ, կամ Թուրքիայի արտգործնախարար Մ. Չավուշօղլուն չգնար Ադրբեջան, չէին օգնելո՞ւ. իհարկե օգնելու էին: Թուրքիան միշտ էլ սատարել է Ադրբեջանին: Այս 20 տարիների ընթացքում Ադրբեջանն ու Թուրքիան բազմաթիվ անգամներ պաշտոնական ու ոչ պաշտոնական մակարդակով հայտարարել են, որ պետք է Արցախը վերադարձնեն: Դե թող փորձեն մի հատ, բա ինչի չեն անում»: