30/11/2015 14:40
Ավետիքյան. Սահմանադրությունը երբեք չի կարող կախարդական փայտիկ լինել
Քանդակագործ Լևոն Թոքմաջյանը չի կողմնորոշվում՝ սահմանադրական փոփոխություններին այո է ասելու, թե ոչ: Այսօր հրավիրված մամլո ասուլիսում նա նշեց, որ կքվեարկի այնպես, ինչպես սիրտը թելադրի:
«Վերջին րոպեին կորոշեմ «այո» ասել, թե ոչ: Դեռ չեմ որոշել: Չգիտեմ, որն ասեմ որ լավ լինի. «այո»-ի դեպքում թվում է, թե ամեն ինչ նույնն է մնալու, «ոչ»-ի դեպքում, ինչպես ասում են, բեթար էլ կա»,- ասաց նա:
Անդրադառնալով քարոզարշավին՝ քանդակագործը նկատեց, որ «ոչ»-ի կողմնակիցներն են կարողանում հիմնավորել, ոչ էլ՝ «այո»-ի:
Ասուլիսիի մյուս բանախոս «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր, ՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանն էլ իր հերթին նկատեց, որ բովանդակային առումով սահմանադրական փոփոխությունները չեն ընկալվել:
Հ. Ավետիքյանը զայրացնում է, երբ ասում են, թե նոր Սահմանադրությունը կախարդական փայտիկ է. «Մի փայտիկ լինի, ասողի գլխին տաս: Սահմանադրությունը երբեք չի կարող կախարդական փայտիկ լինել, որ դեկտեմբերի 7-ին արթնանաս, եթե անցնի, ու ասես՝ օյ, ինչ աշխարհ է: Չկա նման բան: Եթե աշխարհի լավագույն Սահմանադրությունը գրվի Հայաստանի համար, ի՞նչ երաշխիք կա, որ այն կկիրառվի»,- ասաց նա՝ նշելով նաև, որ ինքը մտավախություն ունի, որ Սահմանադրական փոփոխությունների նախագիծն անցնելուց հետո գերիշխող կլինի միակուսակցականությունը:
«Հիմա էլ այդպես է, բայց այդ ժամանակ կամրագրվի օրենքով»,- նկատեց նա:
Ինչ վերաբերում է ընդդիմադիր «Ոչ» ճակատին՝ նա նախ նկատեց՝ այն փաստը, որ կա մի քանի ճակատ և, որ օրը մեկը հանրահավաք է հրավիրում, դա էլ իր հերթին լուրջ մտահոգություն է.
«Դա ցույց է տալիս այն մասին, որ իրենք էլ շատ հավատ չունեն իրենց գործունեության նկատմամբ, պետք է միասնաբար հանդես գային: Արտառոց որևէ բան չեմ ակնկալում նրանցից»:
Ի դեպ՝ ՌԱԿ-ը համագումարով որոշել է, որ «այո» է ասելու սահմանադրական փոփոխություններին: