30/11/2015 16:45
Դատարանը մերժեց Հայկ Կյուրեղյանի բողոքը
Այսօր Վերաքննիչ դատարանը մերժեց Հայկ Կյուրեղյանի բողոքը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի վճիռը։
Նշենք, որ Հայկ Կյուրեղյանը Վերաքննիչից պահանջում էր բեկանել առաջին ատյանի դատավճիռը և իրեն արդարացնել: «Հայկի բողոքը անհիմն է։ Պատժաչափը ողջամիտ է և դրանով կվերականգնվի սոցիալական հավասարությունը»,- ասաց դատախազ Վահե Ասատրյանը։
Դատարանի այս որոշումը Հայկ Կյուրեղյանը ընդունեց ծափահարությամբ:
Լրագրողների հետ զրույցում Հայկ Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը, նշեց, որ իրենց ի սկզբանե պարզ է եղել, որ Վերաքննիչը մերժելու է Հայկի բողոքը: Նրա խոսքով՝ Հայկը Վերաքննիչ էր դիմել ոչ թե արդարության հասնելու, այլ «դատարանների սին լինելը» ցույց տալու համար:
Իսկ թե կդիմե՞ն դատական այլ ատյանների՝ Ա. Կյուրեղյանը նշեց, որ դեռ չգիտեն: «Որոշողը Հայկն է, բայց ես գտնում եմ, որ պետք է դիմել և պաշտպանել իրավունքները»:
Հիշեցնենք, որ 32-ամյա երիտասարդը անազատության մեջ է անցյալ տարվա հունիսից, երբ Շանթ Հարությունյանի և համախոհների գործով դատավարության առաջին օրը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց կրակոցներ էր արձակել ոստիկանների ուղղությամբ: Առաջին ատյանի դատարանը կատարվածի համար Հայկ Կյուրեղյանին դատապարտել էր 9 տարվա ազատազրկման: