01/12/2015 19:35
Անդրեաս Ղուկասյանը պահանջում է իշխանությունների հրաժարականը
Մեր երթի գլխավոր նպատակը այս քրեական ռեժիմին վերջ դնելն է: Ազատության հրապարակում այս մասին հայտարարեց Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի անդամ Անդրեաս Ղուկասյանը:
«Պետք է լինենք միասնական ու միմյանց նկատմամբ ուշադիր և մտահոգ: Այսօր մեր ժողովրդին ու ամբողջ աշխարհին պետք է կարողանանք ապացուցել, որ հայ ժողովուրդը չի կորցրել իր միասնականությունն ու իրավունքները, որի համար պատրաստ է այսօր էլ պայքարել: Մեր պայքարն օրինական է և մենք իրացնում ենք մեր սահմանադրական իրավունքները: Ոչ մի զիջում չի լինելու», - հայտարարեց նա:
Շարունակելով խոսքը՝ Ա. Ղուկասյանը նշեց, որ ոստիկանությունն արդեն զգուշացրել է, որ իրենց տրված է հրաման՝ իրենք խիստ են լինելու: «Մենք էլ հայտարարում ենք, որ լինելու ենք խաղաղ, բայց գործելու ենք ազատ և իրացնելու ենք մեր բոլոր իրավունքները»,- ասաց նա:
Այնուհետև դիմելով ոստիկանությանը՝ Ա. Ղուկասյանը զգուշացրեց, որ եթե հանկարծ փորձեն խանգարել մարդկանց, խնդիր են ունենալու շատերի հետ:
Ընդդիմադիր գործիչն ընդգծեց, որ իրենց պահանջը պարզ է. պետք է կասեցվի դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեն, այս ռեժիմը պետք է հեռանա և ազատ, արդար ընտրությունների միջոցով պետք է ձևավորվի լեգիտիմ իշխանություն:
«Այսօր այդ ամենի սկիզբն է և մեզանից կախված՝ անելու ենք ամեն ինչ, որպեսզի ժողովուրդն ունենա հաղթանակ»,- եզրափակեց նա: