01/12/2015 15:00
Որևէ մեկը չի կարող ասել, թե Րաֆֆի Հովհաննիսյանն իր տեղը վաճառել է. Արմեն Մարտիրոսյան
«Այն, ինչ այս քարոզարշավի ընթացքում արեց իշխանական թևը, սպասելի էր և որևէ նորություն չկար»,- այսօր հրավիրված մամլո ասուլիսում ամփոփելով քարոզարշավն, այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Ըստ նրա՝ միակ փոփոխությունը մեթոդաբանությունն էր, որը նույնպես փոխվեց ճանապարհի կեսից:
«Վարչական ռեսուրսի լայնածավալ կիրառումից, ընտրակաշառքների բաժանումից անցան հանձնաժողովի ընդդիմադիր անդամների վրա կոնկրետ աշխատանք տանելուն`ահաբեկել, կաշառել, բարեխոսել`ազդեցիկ մարդկանց միջոցով: Եվ այդ գործընթացն այսօր էլ շարունակվում է»,- ասաց նա՝ նշելով, որ ՀԱԿ-ին հաջողվել է այդպիսի դեպքերն ապացուցող փաստեր գտնել, որոնք հավանաբար կհրապարակվեն առաջիկայում:
Անդրադառնալով դիտարկմանը՝ ոչ թե իշխանություններն են փորձել կաշառել, այլ տեսակետ կա, որ «Ժառանգությունը» և ՀԱԿ-ն են հանձնաժողովներում իրենց տեղերը վաճառել, Արմեն Մարտիրոսյանը վրդովվեց. «Եթե վաճառել են և իշխանությանը էլ գնել է, ուրեմն ապօրինություն են արել: Որևէ մեկը չի կարող ասել՝ Րաֆֆի Հովհաննիսյանն իր տեղը վաճառել է»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ դա իշխանությունների կողմից տարածվող ապատեղեկատվություն է:
Ա.Մարտիրոսյանը նշեց նաև, որ այսօրվա հանրահավաքով և անհնազանդության գործողություններով փորձելու են կյանքի կոչել Հայաստանում քաղաքական զարգացումները: «Մենք այլ ճանապարհ չունենք, եթե չկա ընտրական ինստիտուտ, մենք այլ ճանապարհով կպայքարենք: Փորձելու ենք արդյունքների հասնել և կասեցնել սահմանադրական փոփոխությունները: Այս տարիների ընթացքում ընդդիմությունը բացառապես խաղաղ գործողությունների շրջանակում է գործել, իշխանություններն են, որ ապօրինությունների են դիմել: Միայն նրանց դաշտում է ապօրինություններն ու բախումների գնալը, մենք բախումների չենք գնա, բայց ինքնապաշտպանվելը մեր իրավունքն է»,- ասաց նա: