01/12/2015 17:38
Մակարյան. Կառավարությունը պետք է օգնի հայ գործարարին ՌԴ արտահանումներ կատարելու հարցում
Նախօրեին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել տեղական արտադրանքի արտահանման խթանման վերաբերյալ խորհրդակցություն: Դրա ընթացքում քննարկվել են Ռուսաստանի կողմից Թուրքիայի նկատմամբ կիրառված պատժամիջոցներն ու այս պարագայում հայկական արտադրանքի արտահանման ավելացման հնարավորությունները:
Իրավիճակի վերաբերյալ Aysor.am-ը զրուցեց տնտեսագետ Գագիկ Մակարյանի հետ, ով ևս ընդգծեց՝ Ռուսաստանում բաց մնացած որոշ շուկաներ կարելի է ու պետք է լցնել հայկական արտադրանքով:
Տնտեսագետի խոսքով՝ Կառավարության նախաձեռնած այս խորհրդակցությունը կարևոր է, սակայն պետք է արվեն նաև գործնական քայլեր, քանի որ հայ գործարարն առանց օգնության չի կարողնաա արագ կողմնորոշվել:
«Ըստ իս, Կառավարությունն այս պահին երկու բանով կարող է օգտակար լինել տեղական արտադրանքն արտահանողներին: Առաջին հերթին տրամադրելով ինֆորմացիա՝ ռուսական շուկայի, հնարավոր գործընկերների մասին՝ օրինակ տարբեր քաղաքների սուպերմարկետներ, ՌԴ նահանգապետեր և այլ: Եվ երկրորդ՝ օգնել սուբսիդավորման առումով, քանի որ ոչ բոլոր արտադրողներն ունեն արտահանման համար միջոցներ»,- ասաց Գագիկ Մակարյանը:
Նա ընդգծեց՝ հայ գործարարը դեռևս անվտահություն ունի Ռուսաստանի շուկայի նկատմամբ, քանի որ անցյալ ու հատկապես այս տարի արտահանումները շատ տուժեցին ռուբլու ինֆլյացիայից:
«Կարևոր է ձևավորել այդ վստահությունը: Կարծում եմ՝ արտահանումների դեպքում ռուս գնորդների հետ պայմանագրերը պետք է կնքել ոչ թե մի քանի ամսով կամ մեկ տարով, այլ՝ 3-4 տարով: Ռուսաստանը պետք է հասկանա, որ Թուրքիայի հետ հարաբերությունների շտկման համար, հնարավոր է, ժամանակ պետք լինի, իսկ այս երկարատև պայմանագրերն էլ վստահություն կհաղորդեն հայ արտահանողներին»,- ասաց տնտեսագետը:
Նրա խոսքով՝ մեր պետությունը կարող է հայկական արտադրանքի արտահանումները ներկայացնել Ռուսաստանին օգնության տեսքով:
«Օգնություն ռուս ժողովրդին, որն այս պահին զրկվում միանգամից մի շարք մթերքներից: Կարծում եմ՝ մեր ապրանքների արտահանումների պետք է ներկայացնենք ոչ միայն որպես զուտ արտահանում, շուկայական վերաբերմունք, այլ՝ հենց աջակցություն Ռուսաստանին, այսպես նշանակությունն ավելի հնչեղ կլինի»,- ասաց Գագիկ Մակարյանն՝ ավելացնելով.
«Այստեղ առաջանում է նաև Մաքսային միությունում քվոտաների ձևավորման հարցը, որ բազմիցս բարձրաձայնել եմ: Որոշակի ոլորտներում օրինակ՝ գինիներ, պահածոներ ու կոնյակ մենք մրցակիցներ չունենք ու կարող ենք այս ոլորտը շատ լավ օգտագործել: Ամեն դեպքում՝ պետք չէ ամեն բան թողնել գործարարների վրա, քանի որ իրենք չեն կարողանա արագ կողմնորոշվել ու օգտագործել բաց մնացած այս շուկան»:
Այս առումով տնտեսագետը հիշեցրեց՝ երբ Ռուսաստանն ընկավ պատժամիջոների տակ, մենք մի փոքր հապաղեցինք ու կորցրեցինք պահը: Ի հայտ եկան այլ երկրներ՝ Չիլին, Չինաստանը, Արգենտինան, որոնք օրինակ հենց պահածո ու գինիներ են արտադրում ու մատակարարում ռուսական շուկա:
«Թուրքիայի հետ կապված այս իրավիճակը մեզ համար մի փոքր անբարենպաստ ժամանակ եղավ, քանի որ օրինակ հիմա վերջացել է հումքն ու հնարավոր չէ, ասենք, պահածոների լրացուցիչ քանակ արտադրել, սակայն, կարծում եմ այլ տարբերակներ կգտնվեն: Օրինակ՝ կարտոֆիլի լավ բերք ունենք, որ կարելի է արտահանել որոշ շրջանների խանութներ: Բացի այդ՝ գինիներ, կոնյակ, որ կարելի է հենց հայկական բրենդի տակ արտահանել»,- ասաց Գագիկ Մակարյանը:
Ամփոփելով՝ տնտեսագետն ընդգծեց, որ Ռուսաստանը հաճախ սահմանային միջադեպերի դեպքում իր քաղաքական շահը տնտեսական շահից բարձր է դասում.
«Ես կարծում եմ, որ ինքնաթիռի խոցման դեպքն իրոք պահանջում էր նման արձագանք, սակայն այս որոշումը կայացվեց առանց ռուս գործարարներին ու գնորդների հարցնելու: Շատ գործարարներ ու ֆիրմաններ հայտնվեցին անհարմար վիճակում: Պատժամիջոցները ռուսական կողմից են, ըստ այդմ, թուրքական մատակարարները պատրաստ են կատարել առաքում, սակայն ռուսական ֆիրման այն չի ընդունում ու պիտի սա ինչ-որ կերպ պատճառաբանի: Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում ու կարծում եմ՝ միազգային իրավունքի մասնագետները պիտի պարզաբանեն՝ ի՞նչ պատճառաբանությամբ ռուս գործարարը պետք է հրաժարվի թուրքական ապրանքից, որի մատակարարման վերաբերյալ պայմանագիրը կա ու խզած չէ»: