01/12/2015 19:15
«Ոստիկանապետեր ու այլ պաշտոնյաներ, արյան աղբյուրներն ուրիշ տեղեր փնտրեք»
Այսօր մենք ճամփա ենք ընկնում ոչ թե պատմական, այլ` ապագայի ուղով: Ազատության հրապարակում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա ասաց, որ բոլոր օրինախախտները, ովքեր ահաբեկում են ու վախեցնում են ՀՀ քաղաքացիներին, պատասխան են տալու մայր օրենքով: «Բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն: Ամեն մեկս առաջնորդ ենք յուրովի, ով գնում է այս ճշմարիտ ճանապարհով, որը կարող է լինել զոհողության, բայց հաղթանակի ճանապարհ»,- հայտարարեց նա:
Այնուհետև դիմելով հավաքված ոստիկաններին՝ Ր. Հովհաննիսյանը նշեց, որ ժողովուրդը պահանջում է ապահովել ՀՀ քաղաքացու անվտանգությունը: «Եթե հրահանգը անիրավ է, մի կատարեք այն: Ուրիշ ոչինչ: Օրենքը հասնելու է մեզանից յուրաքանչյուրին՝ ինձնից սկսած, վերջացրած ձեզանով: Չկատարեք անիրավ ու անօրինական հրաման: Մենք մեր հաղթանակին հասնելու ենք առանց արյան: Ոստիկաններ, ոստիկանապետեր ու այլ պաշտոնյաներ, արյան աղբյուրները ուրիշ տեղեր փնտրեք, քանի որ դուք եք պատասխանատվություն կրելու ՀՀ քաղաքացու թեկուզ մի կաթիլ արյան համար»,- ասաց նա:
Դիմելով հավաքվածներին Ր. Հովհաննիսյանը միասնականության կոչեր հնչեցրեց՝ նշելով, որ հաղթանակը մեկ օրվա գործ չէ: «Մենք պետք է միասին լինենք, քայլենք դանդաղ, բայց ամուր քայլերով: Այս հանրաքվեն լինելու է Սերժ Սարգսյանի ու իր վարչակազմի հրաժարականը, ինչու ոչ՝ նաև նոր ընտրությունների սկիզբը: Մենք ուժեղ ենք, ամուր ու վճռական»,- ասաց նա: