01/12/2015 12:18
Շտապողականության խնդիր չկա, քանի որ սա նոր Սահմանադրություն չէ. Շարմազանով
Մենք ունենք մի Սահմանադրություն, որը փոփոխվել է միայն 2005 թվականին, իսկ այսօր ոչ թե Սահմանադրություն ենք փոխում, այլ գործող Սահմանադրության մեջ փոփոխություններ ենք իրականացնում, եթե, իհարկե, մեր քաղաքացիները դեկտեմբերի 6-ին կողմ քվեարկեն: Այսօր «Սահմանադրական փոփոխություններ. սպասվող հանրաքվե» թեմայով հրավիրված քննարկմանը նման տեսակետ հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Պատասխանելով հարցին՝ ինչի համար է այս շտապողականությունը, հաշվի առնելով, որ նախկինում Սահմանադրական բարեփոխումների գործընթացը տևել է առավելագունը 4.5 տարի, բանախոսը վստահեցրեց, որ շտապողականության խնդիր չկա: «Շտապողականություն չկա, քանի որ սա նոր Սահմանադրություն չէ: Իսկ այն թեզերը, որոնք ներառված են նաև այս փոփոխությունների փաստաթղթում, դեռևս 1990-91 թվականներին, երբ ձևավորվում էր Սահմանադրության հրամանագիրը, կար երկու այլընտրանքային տարբերակ. Լևոն Տեր-Պետրոսյանի տարբերակը, որն ընդունվեց 1995 թվականին և վեցյակի՝ որն առաջարկել էին ՀՅԴ-ն, ԱԻՄ-ը, ԱԺՄ-ն, ՀՀԿ-ն: Եթե մարդիկ մոռացել են, ապա ուզում եմ հիշեցնել, որ ՀՀԿ-ն միշտ էլ եղել է խորհրդարանական կառավարման համակարգի կողմնակից»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանը եղել է այդ վեցյակի ներկայացուցիչներից մեկը:
Նրա խոսքով՝ այս 25 տարիների ընթացքում խորհրդարանական համակարգի հետ կապված եղել են բազմաթիվ քննարկումներ, որոնց շուրջ տարբեր տեսակետներ են հնչել: «Ես չեմ կարծում, որ 1 տարի 8 ամիս ժամկետը շտապողականություն է, պարզապես դա արդյունավետ աշխատանքի արդյունք է: Կարելի է հրապարակել ու 10 տարի հետո հանրաքվե անցկացնել և արդյունք չունենալ, և հակառակը՝ 6 ամսվա ընթացքում իրականացնել արդյունավետ աշխատանք: Խնդիրն այստեղ արդյումնավետության մեջ է»,- ասաց նա:
Շարունակելով իր խոսքը՝ նա նկատեց նաև, որ հանրաքվեի քարոզարշավը նույնպես աննախադեպ է, քանի որ «այո»-ի և «ոչ»-ի կողմնակիցներն առանց մոնտաժի, ուղիղի եթերում բանավիճում են: