01/12/2015 18:25
Հայկազ Բարսեղյանի գործով մեղադրյալ Գնել Թևոսյանը մեղադրանքը չի ընդունում. Փաստաբան
Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով ամբաստանյալներից Գնել Թևոսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Այս մասին այսօր Ավան և Նոր նորք ընդհանուր իրավասության վարչական դատարանում, դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց վերջինիս պաշտպան Արա Զաքարյանը:
Փաստաբանը պարզաբանեց, որ իր վստահորդը պատմել է, որ ինքն այդ գիշեր քնած է եղել, իսկ առավոտյան, երբ արթնացել է, մյուս զինակիցների հետ իմացել է, որ Հայկազ Բարսեղյանը բացակայում է սենյակից: «Իր ծառայակիցների հետ միայն հետո է իմացել, որ նրա դիակը հայտնաբերվել է կախված վիճակում»,-ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ Գնել Թևոսյանը նույն ինստիտուտի պետի նախկին տեղակալ, գնդապետ Զարմիկ Անդրանիկի Մարկոսյանի որդին է:
Անդրադառնալով դիտարկմանը, թե դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ Գնել Թևոսյանը հարբած է եղել, քանի որ մասնակցել է ինչ-որ խնջույքի, փաստաբանը նախ նշեց, որ դա վիճարկելի հարց է, ապա հավելեց, որ Գնելը խնջույքի չի մասնակցել: «Ամեն դեպքում գործով դա հաստատված է»,- ասաց նա:
Փաստաբանը չի բացառում նաև ինքնասպանության վարկածը: Նրա խոսքով՝ գործով մի շարք հանգամանքներ չեն պարզվել, որոնց առկայության դեպքում հնարավոր կլիներ ասել՝ ինքնասպանություն է եղել, թե՝ ոչ: Ինչ վերաբերում է դատաբժշկական փորձաքննությամբ ձեռք բերված այն ապացույցներին, թե Բարսեղյանի վրա բռնության հետքեր են եղել, փաստաբանն այստեղ ևս տարակուսեց՝ պնդելով, թե այդ փորձաքննությունն օբյեկտիվ չի ընթացել:
«Դատաբժշկական փորձաքննության օբյեկտիվությունը կասկած է առաջացնում: Այս մասին փաստարկներ ներկայացրել էինք նախաքննության մարմնին, որպեսզի նշանակվի կրկնակի փորձաքննություն, սակայն մերժվել է: Իսկ իմ պաշտպանյալը Հայկազ Բարսեղյանի հետ նորմալ հարաբերություններ է ունեցել»,-ասաց նա:
Արա Զաքարյանն ընդգծեց նաև, որ Հայկազ Բարսեղյանը որոշ զինծառայողների հետ պարբերաբար ընդհարումների մեջ է եղել, և չի բացառվում, որ այդ կապտուկներն այդ ժամանակվա հետքեր են:
«Հնարավոր է, որ հենց այդ ընդհարումների ընթացքում են այդ վերքերն առաջացել: Կան տեղեկություններ, որ այդ օրը ևս վեճ է եղել»,- ասաց փաստաբանը:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես է Բարսեղյանը կտրած երակով ննջասենյակից հասել պտտաձողին, կախվել և ոչ մի արյան հետք ճանապարհին չէր թողել, Արա Զաքարյանը պատասխանեց, որ գործով հաստատվել է, որ Հայկազ Բարսեղյանը ոչ մեծ քանակությամբ արյուն է կորցրել, որի պայմաններում որևէ խոչընդոտ չի եղել տեղաշարժվելու: «Այդ պտտաձողին բարձրանալն իրենից որևէ դժվարություն չի ներկայացնում»,- նկատեց փաստաբանը:
Տուժողի իրավահաջորդի պաշտպան Գարիկ Գալիկյանը, սակայն,հերքում է ինքնասպանության վարկածն՝ ընդգծելով, որ դատաբժշկական եզրակացությամբ Հայկազ Բարսեղյանը մահացել է մինչև կախվելը: Նա նշեց, որ դատաբժիշկը հրավիրվելու է դատարան, որտեղ կներկայացնի մանրամասները:
«Նա մանրամասն դատարանում կներկայացնի՝ երբ և ինչ հանգամանքներում է մահը վրա հասել»,- նշեց փաստաբանն՝ ընդգծելով նաև, որ այս գործում կա 25 վկա, ովքեր արդեն ցուցմունք են տվել: «Ապացույցների հետազոտման փուլում ամեն ինչ հստակ ու պարզ կլինի»,-հավելեց փաստաբանը:
Ինչ վերաբերում է ամբաստանյալ Վարազդատ Սաֆարյանի բացակայությանը, ապա փաստաբանն այս դեպքում մեղադրում է հրամանատարությանը: Նրա խոսքով՝ եթե նա լիներ ազատության մեջ, ոչ թե զինծառայության, ապա գործն այլ ընթացք կստանար, սակայն այս դեպքում նա պարտավոր է դատարան ներկայանալ: «Նա զինծառայության մեջ է և պետք է ոչ թե նա գա դատարան, այլ նրան պետք է բերեն»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանը վաղ առավոտյան հայտնաբերվել էր ինստիտուտի մարզահրապարակում` պտտաձողի վրա պարանով կախված: Նրա սպանության մեջ մեղադրվում է 4 զինծառայող՝ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը: