01/12/2015 15:14
Ն. Գալստյան. Ոչ մի իշխանություն հենց այնպես չի հանձնում իր լծակները ընդդիմությանը
Խորհրդարանական կառավարման համակարգը ժողովրդավարության ամենաբարձր դրսևորումն է: Հայաստանի քաղաքական համակարգի դեգրադացվածության, կուսակցությանների նկատմամբ անտարբերության պայմաններում միայն ու միայն խորհրդարանական կառավարման համակարգը կարող է երկրում կայացնել արդեն իսկ վստահություն չվայելող ինստիտուտները: «Սահմանադրական բարեփոխումներ, Հեռանկարներ» թեմայով խորհրդաժողովի ժամանակ ասաց Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը:
Ն. Գալստյանի խոսքով՝ «ոչ»-ի կողմնակիցները հարցը դիտարկում են իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների տեսանկյունից և իշխանություն լինել-չլինելու մեջ, իսկ սահմանադրական փոփոխությունների շուրջ քննարկումները, նրա գնահատմամբ, պետք է վեր լինեն այս ամենից:
«Այս հանգամանքը մեզ համար անընդունելի է այնքան, որքան իրենց համար է անընդունելի արտագաղթը, օլիգարխիան, մենաշնորհը, սոցիալական անարդարությունները և այլն»,- ասաց նա:
Ըննդիմության մեկ այլ թեզին, թե իշխանությունը սահմանադրական բարեփոխումները նախաձեռնել է՝ վերարտադրության համար, Ն. Գալստյանն ասաց, որ աշխարհի ցանկացած երկրի ցանկացած իշխանություն ցանկանում է վերարտադրվել.
«Սա տարրական քաղաքագիտական նորմ է: Աշխարհի ոչ մի իշխանություն հենց այնպես չի հանձնում իր լծակները ընդդիմությանը՝ առանց լուրջ պայքարի, սակայն, եթե իշխանությունները վերարտադրության ցանկություն ունենային, ապա ինչը պետք է նրանց խանգարեր դա անել, երբ նախագահը կարող էր ընտրվել վարչապետ, ապա կրկին առաջադրվեր որպես նախագահ»,- եզրափակեց խոսքը Ն. Գալստյանը: