01/12/2015 13:58
Ոչ կոչվածները ապուշի տեղ դրած՝ իրենք ևս փորձում են այլ բան անել. Պարույր Հայրիկյան
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը համոզված է. նոր Սահմանադրությունը հիմնված է ստի վրա, այն ապօրինի է: Այսօր հրավիրված մամլո ասուլիսում նա կրկին դժգոհեց, որ իր առաջարկությունները չեն ընդունվել, իսկ դրա համար նա ինչպես միշտ՝ ռուսակլան ԿԳԲ-ին ու Ռուսաստանին մեղադրեց,
«Հրեշտակները վերևից հետևում են, մանավանդ Հայաստանի նկատմամբ ավելի ուշադիր են: Դուք ի՞նչ եք անում ձեր Ազգային ազատագրական պայքարի առաջնորդի հետ, ձեր կազմակերպության հիմնադիրի, ղեկավարի հետ: Դուք անում եք այն, որ ասում եք՝ չկաս, Դուք անում եք այն, ինչ ԿԳԲ-ն էր անում: Փաստաթուղթը տվել եմ, դուք չեք քննարկել, այսինքն՝ համարել եք, որ ես չկամ, գոյություն չունեմ, բա՞ չեք ամաչում: Ձեր հանրապետական կուսակցությունը չի՞ ամաչում, որ Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի առաջնորդը նախագիծ է տվել, դուք ուրացել եք»,- ասաց նա:
Պ. Հայրիկյանի խոսքով՝ այսօր հայատասնյան իշխանությունները քայլ են կատարում Ռուսաստանի թելադրանով: Ըստ նրա՝ այսօր Հայաստանը ԵՄ-ից հրաժարվել է այդ նույն Ռուսաստանի պարտադրանքով: «Նրանք ռուսական ստրուկներ են, արժեքային համակարգից գաղափար չունեն: Մենք եվրոպական արժեհամակարգի հետևորդ էինք, բայց մեր թագավորը մի օրվա մեջ փոխեց իր կողմնորոշումը և հաջորդ օրը անմիջապես որոշում ընդունեց, որ Սահմանադրության փոփոխություններ պետք է տեղի ունենան: Պուտին պապան ասեց պետք է հրաժարվես Եվրոպայից, դառնաս մաքսային խուժանության անդամ, բայց այդպես չի վերջանում, Հայաստանն էլ պետք է թուլանա»,- նեղսրտեց նա:
ԱԻՄ առաջնորդին վրդովվեցնում է ոչ միայն այն, որ այսօր իր առաջարկություններն «անտեսել» են իշխանությունների, այլև այն, որ դրանք չեն ընդունվել նաև ընդդիմադիր ուժերի կողմից: Նրա համոզմամբ՝ Ոչ ճակատի նպատակը մեկն է. համագործակցել այս իշխանությունների հետ: «Ոչ կոչվածները ապուշի տեղ դրած՝ իրենք ևս փորձում են այլ բան անել: Ոչ մեկդ ձեզ ապուշի տեղ մի դրեք, դրանից չեք շահելու»,- ասաց նա՝ համոզմունք հայտնելով նաև, որ այսօր այո-ի և ոչ-ի ճակատները համատեղ են աշխատում: «Այս հանրաքվեն չպետք է կայանա»,- հայտարարեց նա:
Ասուլիսի մեկ այլ բանախոս, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավեստիսյանն էլ իր հանգիստ տոնայնությանը համաձայն՝ հակադարձեց, նշելով որ այսօր իշխանությունները ոչ ոքի չեն ուրացել: «Մենք ոչ մեկին չենք ուրացել, իսկ եթե ձեր այլընտրանքը չեն քննարկել, դա չի նշանակում, որ պետք է ոչ ասեք: Ես տեղյակ չեմ՝ ձեր առաջարկը քննարկվե՞լ է, թե՞ ոչ»,- հավելեց նա՝ ընդգծելով, որ սահմանադրական հանձնաժողովը բաց է եղել քննարկումների համար: