01/12/2015 20:29
Դրոշը վկա՝ Հայրիկյանը փոշմանել է
Ազատության հրապարակում է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ով թեև այսօր հավաստիացնում էր, որ չի հավատում ոչ-ի ճակատի ուժերին, բայց ներկայացուցիչներին ձեռքսեղմումով մոտեցավ: Մոտենալով ամբիոնին՝ ԱԻՄ առաջնորդը հայտարարեց, որ հավաքվածների ներկայությունն ապացուցում է, որ այսօր այլևս ասելիք չկա. «Մնում է միայն գործել»:
Ինչ վերաբերում է իր փոփոխական դիրքորոշմանն, ապա նա իր ներկայությունը այսպես արդարացրեց. «Ես առաջարկություններ էի ներկայացրել, որոնք չէին ընդունվել, բայց մեր հարգելի ու պատվելի գործընկերներն արդեն ընդունել են դրանք: Այս պահից սկսած՝ ես միանում եմ Ազատության հրապարակում հավաքված ուժերին: Մեր վկան այս դրոշն է, որի վրա գրված է «Ոչ հակասահմանադրական հանրաքվեին ու հակասահմանադրական իշխանություններին»»:
Հայրիկյանը խոստացավ իր ուժերի ու կարողությունների սահմանում մասնակցել նոր Հայաստանի ձևավորմանը: «Մենք այստեղ ենք, որպեսզի լսենք, թե ինչ է այսօր մտածում հայ մարդը»,- հավելեց նա:
Նա չվարանեց և ևս մեկ անգամ հիշեցրեց, որ իր առաջարկները մերժել են իշխանությունները և ընդգծեց, որ թեև իշխանությունները հայտարարում են, որ այդ գաղափարն իրենց մոտ վաղուց է ծագել, բայց ստում են: «Դա բացարձակ սուտ է: Սահմանադրությունը կարող է մեկ կամ երկու տարվա ընթացքում ծնվել, իսկ ժամանակին այս իշխանությունները դեմ էին դրանց»,- հայտարարեց նա:
ԱԻՄ առաջնորդը շեշտեց նաև, որ պետք է կարևորություն տալ հատկապես իրավական շեշտադրումներին, քանի որ նոր Սահմանադրությամբ առաջարկվում, պարտադրվում է այլ բան: «Այս հակասահմանադրական հանարքվեն պետք է կասեցվի, որովհետև դա Հայաստանի համար կործանարար է: Այս ուղղությամբ մենք մեր առաջին քայլերն արդեն արել ենք, մնում է գործենք: Իշխանությունների ստերից մեկն էլ այն է, որ այլընտրանք չկար, իսկ այսօր նրանք են Սահմանադրության փոփոխություն առաջարկում: Եթե այլընտրանք չկար, ապա ինչպես են այսօր Սահմանադրություն փոխում»,- ասաց նա:
Իր ելույթի վերջում նա ժողովրդին կոչ արեց պատգամավորիներին ստիպել, որպեսզի նրանք ստորագրահավաք կազմակերպեն ու դիմեն Սահմանադրական դատարան:
«Հուսով եմ, որ պարկեշտ ու ազնիվ պատգամավորները կլսեն այս կոչը և կնախաձեռնեն այդ ամենը: Դե ուրեմն վերևն Աստված՝ ներքևում հայ ժողովուրդը, մենք պետք է պաշտպանենք մեր իրավունքը: Այստեղ երկարատև միջոցառումներ են նախատեսված և անընդմեջ պետք է ասենք ու լսենք: Պետք է ազգային հիմն մտածենք, միասնական քայլեր մշակենք: Հայաստանը տեր ունի և այդ երկրի տերը հայ ժողովուդն է»,- ամփոփեց նա: