14/01/2016 13:17
Շ. Քոչարյան. Միջնորդներն արդեն անհանգստացած են և փորձում են նոր ուղիներ փնտրել
Ալիևի միայն մի խոսքը, թե նախագահների հանդիպումը ձևական էր, շատ հստակ ցույց է տալիս, թե ինչպես է Ադրբեջանի ղեկավարությունը տրամադրված բանակցություններին: Կառավարության նիստից հետո, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունը՝ այս մասին ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը.
«Դա արդեն բավարար է հասկանալու այն մոտեցումը, որ ունի Ադրբեջանի ղեկավարությունը և ԵԱՀԿ համանախագահների նկատմամբ, և հակամարտության կարգավորման սկզբունքների նկատմամբ: Եվ սա է պատճառը, որ տարիների ընթացքում հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չկա»,- նշեց Շավարշ Քոչարյանը:
Որպեսզի բանակցային գործընթացում լինի առաջընթաց, ըստ պաշտոնյայի, հարկավոր է ոչ այնքան գործընթացի ակտիվացում, որքան կողմերի մոտեցումներում առաջընթաց.
«Իհարկե միջնորդները, համանախագահները ձգտում են, որ լինի առաջընթաց, հաճախ լինեն հանդիպումներ: Բայց եթե այդ հանդիպումները գնում են նույն ոճով, որը եղավ վերջինը Բեռնում և որը Ադրբեջանի նախագահը բնութագրեց որպես ձևական, ուրեմն առաջընթաց չի կարող լինել: Սա է խնդիրը, որը իր հերթին պարտադրում է նույն միջնորդներին, միջազգային հանրությանը ևս մեկ անգամ վերլուծել և անդրադառնալ այս ամեն ինչին, որովհետև այսպես շարունակելը որևէ դրական արդյունքի չի կարող բերել»,- նշեց փոխարտգործնախարարը և հավելեց՝ դա նշանակում է որոշակի մոտեցումների փոփոխություն.
«Դրա ազդանշաններից մենք տեսանք հենց նույն Բեռնում, երբ կողմերից մեկը` Ադրբեջանը, անգամ բանակցությունների քողի տակ շարունակում էր իր դեստրուկտիվ ուժային քաղաքականությունը, իսկ առաջարկությունները ծանրացել են այն հանգամանքի վրա, որ անհրաժեշտ են միջադեպերի հետաքննության մեխանիզմներ, այդ թվում` համապատասխան սարքավորումների ներդրում: Բնական է՝ Ադրբեջանը դրան դեմ է գնում, բայց սա ցույց է տալիս, որ միջնորդները արդեն անհանգստացած են և փորձում են նոր ուղիներ փնտրել»:
Եվ եթե այս ուղղությամբ էլ հաջողության չհասնեն, ապա ուշ թե շուտ, շեշտեց Շ.Քոչարյանը, պետք է հասունանան մեկ այլ մոտեցումներ` կամ Ադրբեջանին պարտադրանք, կամ էլ Լեռնային Ղարաբաղի հանրապետության ճանաչման գործընթաց: