23/01/2016 15:15
Եթե ավելի շուտ ծննդալուծում կատարվեր, Մերի Մարգարյանի ու նորածնի ապրելու հավանականությունն ավելի մեծ կլիներ
Բժշկական կենտրոնում ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով հունվարի 22-ին ձերբակալվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շ.Բախշյանը։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
Մ.Մարգարյանը մահացել է կեսարյան հատումից հետո՝ «HELLP» սինդրոմ համախտանիշի թոքաբորբ ախտորոշմամբ, «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ 2015 թվականի հուլիսի 29-ին, իսկ հաջորդ օրը մահացել է նաև վերջինիս նորածին դուստրը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ, և Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ Մ.Մարգարյանի և նրա նորածին դստեր մահվան հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Քննությամբ պարզվել է, որ ծննդկանը «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել «Շենգավիթ» բժշկական կենտրոնից, և քննիչի որոշմամբ նշված կենտրոնից առգրավվել են Մերի Մարգարյանի տվյալներով լրացված հիվանդության պատմագիրը և հղիության քարտը, զննության են ենթարկվել «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ընդունարանի, գինեկոլոգիական հիվանդների, սոմատիկ հիվանդների և ընդունարանի մերժման մատյանները:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզաբանելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ, կատարվել մի շարք այլ քննչական գործողություններ։
Ստացված հանձնաժողովային փորձաքննության թիվ 197/հձ եզրակացության համաձայն՝ 2015թ. հուլիսի 24-ին և 25-ին հիվանդանոցում Մ.Մարգարյանի զննությունից հետո` ջերմության առկայության պայմաններում, (նաև անամեզում ջերմության առկայությունը բարձր թվերի վրա) հիվանդին չհոսպիտալացնելը չի եղել հիմնավորված:
Ինչ վերաբերում է Մերի Մարգարյանի բուժօգնության և հետազոտությունների ընթացքում թույլ տրված բացթողումների և Մերի Մարգարյանի ու նորածնի մահվան պատճառական կապին, ապա հանձնաժողովը նշել է, որ 27.07.2015թ. ժամը՝ 09:00-ին, հիմք ընդունելով արյան բիոքիմիական և մնացած հետազոտությունների արդյունքները (որոնց զարգացման պատճառները եղել են հղիության հետ կապված), և որ նշված փոփոխություններն ընթացել են արագընթաց՝ պետք է հնարվորինս ավելի շուտ կատարվեր ծննդալուծում, այդ թվում՝ կեսարյան հատման միջոցով:
Ըստ փորձագետների՝ նշված բուժօգնության ցուցաբերման դեպքում Մերի Մարգարյանի և նորածնի փրկվելու հավանականությունը կլիներ ավելի մեծ:
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելիս իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու և դրա հետևանքով անզգուշությամբ մահ պատճառելու կասկածանքով հունվարի 22-ին ձերբակալվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շ.Բախշյանը:
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ քննության արդյունքներով կայացվող հետագա դատավարական որոշումների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: