04/02/2016 12:55
Արտակ Դավթյան. Իրանի շուրջ դրական զարգացումները պատուհան են մեզ համար
Իրանի շուրջ դրական զարգացումները հնարավորությունների պատուհան են բացում նաև Հայաստանի համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանն՝ ընդգծելով, որ նույն կերպ օրինակ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները ևս ազդում են մեզ վրա:
Պատգամավորը նկատեց, որ Իրանը Հայաստանում ամենաշատ ներդրումներ կատարած գործընկեր երկրներից է.
«ԵՏՄ-ում մենք միակն ենք, որ ցամաքային սահման ունենք Իրանի հետ: Այնպես որ, կարծում եմ, բոլոր պայմանները ստեղծված են մեր փոխգործակցությունն ավելի խորացնելու համար»,- ասաց Արտակ Դավթյանը:
Ինչ վերաբերում է Տիգրան Սարգսյանի՝ ԵՏՄ-ի գործադիր մարմնի ղեկավար նշանակվելու հարցին, Արտակյ Դավթյանը նկատեց, որ ժամանակն ու իրողությունը հաշվի չառնելով մարդուն քննադատելը այնքան էլ ճիշտ չէ:
«Ես ցանկանում եմ հաջողություն մաղթել նրան այդ բարձր պաշտոնը ստանձնելու համար: Այդ նշանակումից օգտվելու ենք ոչ միայն մենք՝ ՀՀ քաղաքացիներս, այլ կառույցի բոլոր անդամ երկրները»,- ասաց պատգամավորը: