04/02/2016 16:21
Հայաստանն ունի 4 հիմնախնդիր, որոնց չլուծվելու դեպքում երկիրը շարունակելու է չզարգանալ. Բագրատ Ասատրյան
Հայաստանն ունի 4 հիմնախնդիր՝ աղքատություն, արտագաղթ, մենաշնորհներ, կոռուպցիա, որոնց չլուծվելու դեպքում երկիրը շարունակելու է չզարգանալ: Այս մասին «2015 թվականի Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները. խնդիրներ և հեռանկարներ» թեմայով այսօր հրավիրված քննարկմանը նման տեսակետ հայտնեց Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:
Հիշեցնենք, որ ԱՎԾ-ի կողմից հրապարակվել են 2015-ին Հայաստանի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, ըստ որի՝ տնտեսական ակտիվությունը Հայաստանում կազմել է 3.1 տոկոս, իսկ տնտեսական ակտիվության հիմնական «դրայվերները»` շարժիչները եղել են գյուղատնտեսությունը` 11.3 տոկոսանոց աճով, արդյունաբերությունը` 5.2 աճով և ծառայությունները՝ 2.7 տոկոսանոց աճով:
Բագրատ Ասատրյանի համոզմամբ՝ այս տվյալները չեն կազմում իրական պատկերը, քանի որ, եթե տնտեսական ակտիվության ցուցանիշը լիներ նույնիսկ 6 տոկոս, վերը նշված խնդիրների առկայության պայմաններում Հայաստանում որևէ բան չէր փոխվի:
«Անհասկանալի է, թե ինչու է Հայաստանում աղքատության մակարդակը այդքան բարձր, եթե կա 3.1 տոկոսանոց տնտեսական ակտիվություն: Որևէ կերպ հասկանալի չէ նաև, թե ինչու են մարդիկ թողնում, փախչում երկրից»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ամփոփվել են նախորդ տվյալները, համաձայն որոնց, մեկնողների ու ժամանողների տարբերությունն էլի բացասական էր՝ շուրջ 47 հազար մարդ:
Բագրատ Ասատրյանի համոզմամբ՝ Հայաստանը կանգնած է երկնիշ տնտեսական անկման շեմին: Նրա խոսքով՝ այդպիսի նախադրյալներից մեկն էլ արտաքին տրանսֆերտների կրճատումն է:
Անդրադառնալով, այսպես կոչված, տնտեսության «դրայվերներին»՝ Բագրատ Ասատրյանը նկատեց, որ անցյալ տարվա արդյունքներով` գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 993 միլիարդ դրամ, իսկ այս տարի այն կազմել է 1 տրիլիոն 2 մլրդ. դրամ:
«Այսինքն` աճը կազմել է 9 միլիարդ, որը ոչ թե 11 տոկոս է, այլ 1 տոկոսից մի քիչ ավելի»,- ասաց նա՝ ընդգծելով նաև, որ թվերը արդեն իսկ խոսում են, որ մեր երկրում տնտեսական վիճակը կայուն չէ:
Քննարկմանը ներկա ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ իր հերթինմ համաձայնելով Բ. Ասատրյանի տեսակետի հետ, նշեց, որ նախևառաջ այս ամենի բացատրությունները պետք է ներկայացներ կառավարության համապատասխան ոլորտի ներկայացուցիչը.
«Չնայած Հայաստանը ծավալային առումով ավելացրել է գյուղմթերքի արտադրանքը բնամթերային տեսքով, բայց գնային առումով դեռ ոչ: Ավելին՝ դեռ մի բան էլ նվազում է արձանագրվել»,-ասաց պատգամավորն՝ ընդգծելով նաև, որ նախորդ տարին հատկապես հիմնական բանջարաբոստանային կուլտուրաների մասով ֆանտաստիկ աճ էր գրանցվել:
Անդրադառնալով տրանսֆերներին՝ պատգամավորը նկատեց նաև, որ 2014 և 2015 թվականների համեմատ տրանսֆերներն այս տարի կկրճատվեն մոտ 800 միլիոնից 1 միլիարդի չափով: «Նման կատաստրոֆիկ վիճակ երբեք չի եղել Հայաստանում: 2015-ին Հայաստանում մոտ 27 տոկոսով իջնել են ներկրման ծավալները»,- ասաց նա: