04/02/2016 18:40
Գալուստ Սահակյանը Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ քննարկել է ԵԽԽՎ -ում քննարկված բանաձևերը
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 4-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնվըրթին:
ինչպես փոխանցում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից՝ ողջունելով հյուրին՝ Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև արձանագրվել է երկկողմ քաղաքական շփումների ակտիվացում և համագործակցությունը երկու երկրների միջև զգալի վերընթաց է ապրել՝ փաստելով, որ քաղաքական երկխոսության և առևտրատնտեսական հարաբերությունների ներկա մակարդակը, այդուհանդերձ, դեռևս անբավարար է: Գալուստ Սահակյանը համոզմունք է հայտնել, որ հայ-բրիտանական հարաբերությունների ակտիվացման համար իրական խոչընդոտներ չկան, և Հայաստանը շահագրգռված է ընդլայնելու տնտեսական, առևտրային և մշակութային հարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ:
Գալուստ Սահակյանն իր հերթին նշել է, որ կանի հնարավորը հայ-բրիտանական միջխորհրդարանական համագործակցության առաջխաղացման ուղղությամբ:
ԱԺ նախագահն անդրադարձել է նաև անցյալ շաբաթ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ժամանակ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող երկու բանաձևերին, որոնք, նրա գնահատմամբ, խեղաթյուրում էին իրականությունը և արգելակում ղարաբաղյան խնդրի շուրջ խաղաղ բանակցային գործընթացը՝ թյուրիմացության մեջ գցելով միջազգային հանրությանը: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ բրիտանացի նախկին պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» վերնագրով բանաձևը քվեարկությամբ չընդունվեց շնորհիվ ԵԽԽՎ այն պատգամավորների, որոնք քվեարկեցին հանուն արդարության:
«Այդ բանաձևը պարունակում էր լուրջ վտանգ, քանի որ այն անթույլատրելի փորձ էր Ադրբեջանի և իր համախոհների կողմից՝ այլ զուգահեռ հարթակներ տեղափոխելու ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումը»,- ասել է պարոն Սահակյանը:
Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացին, որը դիտարկում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ հարթակը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Ջուդիթ Ֆարնվըրթը նույնպես կարևորել է երկկողմ հարաբերությունների զարգացումը կրթական, առևտրատնտեսական, մշակութային և այլ ոլորտներում: Հայ-բրիտանական փոխգործակցության խորացման առումով դեսպանն արժևորել է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի խորհրդարանների միջև տարբեր մակարդակներով պատվիրակությունների երկկողմ այցերը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սահմանադրական բարեփոխումների գործընթացին: Դեսպանը ողջունել է խորհրդարանական կառավարմանն անցնելու՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունների որոշումը: Իսկ Ռոբերտ Ուոլթերի հեղինակած հակահայ զեկույցի վերաբերյալ տիկին Ջուդիթ Ֆարնվըրթը նշել է, որ անհատի զեկույցը չի արտացոլում կառավարության քաղաքականությունը և հավելել, որ Մեծ Բրիտանիան կողմնակից է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: