04/02/2016 18:25
Թուրքիայի նախագահը համոզված է, որ Սիրիայի շուրջ բանակցությունները նորից կերկարաձգվեն
Սիրիայում իրավիճակի վերաբերյալ խաղաղ բանակցություններն իմաստ չունեն, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է ավիահարվածներ հասցնել այդ երկրի տարածքում: Այս մասին հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, թուրք առաջնորդը հայտարարել է, թե Ռուսաստանը շարունակում է մարդկանց սպանել Սիրիայում: «Այս պարագայում կարելի՞ է խոսել խաղաղ հավաքի մասին, կարո՞ղ է խոսք գնալ խաղաղ բանակցությունների մասին»,- հեգնել է նա։
Նշենք, որ սիրիական ճգնաժամի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան նախօրեին հայտարարել էր, թե մինչև փետրվարի 25-ն ընդմիջում է հայտարարվում Սիրիայի վերաբերյալ բանակցություններում՝ առաջարկելով մասնակիցներին «դեռ աշխատել»։ Այսօր արդեն լրատվամիջոցները հաղորդում էին, որ Սիրիայի ընդդիմության պատվիրակությունն արդեն հեռացել է Ժնևից։
Պաշտոնական Դամասկոսն ընդդիմությանը մեղադրում է բանակցությունները տապալելու փորձի համար։ Ընդդիմությունն ու նրա աջակից պետություններն էլ փոխադարձաբար մեղադրում են Դամասկոսին, մասնավորապես, Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադին և նրա դաշնակիցներին։
Թուրքիայի նախագահը ևս համոզված է, որ բանակցությունների մասնակիցներին դժվար թե հաջողվի որոշման հասնել փետրվարի վերջին, և բանակցությունները հավանաբար նորից կհետաձգվեն։