04/02/2016 12:42
Հաստատվեց առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի 2016-2020 թթ. ծրագիրը
Դեռևս 2011 թվականի մարտին ՀՀ կառավարությունը արձանագրային որոշմամբ հաստատել էր «Առավել բարձր մահացության բերող երեք հիվանդությունների` արյան շրջանառության համակարգի (սրտանոթային հիվանդություններ), չարորակ նորագոյացությունների և շաքարային դիաբետի ազգային ռազմավարական ծրագրերը և միջոցառումների ժամանակացույցը»:
Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի 2016-2020 թվականների ծրագիրը:
Ներկայացնելով նախագիծը՝ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից մահվան, հաշմանդամության և աշխատունակության կորստի դեպքերը գրանցվում են բնակչության առավելապես երիտասարդ, աշխատունակ տարիքային խմբում, ինչի համար էլ խիստ կարևորվում է առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի համապարփակ և ընդհանրական ծրագրի ու միջոցառումների ցանկի մշակման և իրագործման անհրաժեշտությունը:
Ըստ այդմ, կձևավորվի համակարգող հանձնաժողով` առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում միջգերատեսչական ակտիվ համագործակցությունն ապահովելու նպատակով: