04/02/2016 14:50
Վարչապետը հանձնարարեց աշխատանքից ազատել Արագածոտնի և Կոտայքի ՍԾՏԳ ղեկավարներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին հանձնարարեց քննարկել Կոտայքի և Արագածոտնի Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների ղեկավարներին աշխատանքից ազատելու հարցը: Վարչապետի նման հանձնարարությունը հասունացել է փետրվարի 2- ին տեղի ունեցած խորհրդակցությունից հետո, որում ներկայացվել էին Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների արդյունքներն Արագածոտնի և Կոտայքի մարզերի ՍԾՏԳ-ում.
«Ինձ համար անընդունելի են այն արդարացումները, որ հնչում էին խորհրդակցության ժամանակ, դրանց մեծ մասն անհիմն են: Հանձնարարում եմ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին՝ մարզպետների հետ քննարկել այդ հարցերը: Համոզված եմ, որ կան դեպքեր, որտեղ պետք է այդ պաշտոնյաներին ազատել զբաղեցրած պաշտոններից: Հանրությանը պետք է տեղեկացնել այդ ամենի մասին»,- հայտարարեց Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետը նաև ավելացրեց, որ իր համար ընդունելի է Վերահսկիչ պալատի խորհրդի որոշումը նմանատիպ ստուգումներ անցկացնել բոլոր սոցիալական ծառայություններում:
«Դա այն ոլորտն է, որտեղ անաչառությունը պետք է անպայման ապահովվի, ինչպես նաև մնացած բոլոր ոլորտներում»,- հավելեց երկրի վարչապետը:
Նշենք, որ Վերահսկիչ պալատը Կոտայքի մարզի նշված կառույցներում ստուգումներ է իրականացրել 2014 թվականի հունվարի 1-ից 2015 թ.-ի ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում: 9 912 նպաստառու ընտանիքների 6 753 ստուգված գործերում ՎՊ-ն հայտնաբերել է 27 մլն 200 հազար դրամի 230 խախտում: Իսկ Արագածոտնում ստուգումներն անցկացվել են 2014 թ.-ի հունվարի 1-ից 2015 թ.-ի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, ուսումնասիրված 5 492 նպաստառու ընտանիքի գործերում հայտնաբերվել է 78 մլն 500 հազար դրամի 341 խախտում: