09/02/2016 10:45
ԱՄՆ ՄԶԳ-ն մեկնարկում է նոր ծրագիր՝ ուղղված Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի պահպանությանը
ԱՅՍՕՐ տեղի կունենա ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) նոր ծրագրի պաշտոնական մեկնարկը: Ծրագիրը կնպաստի Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրառի ծավալների նվազեցմանն ու կայուն կարգավիճակի ապահովմանը: Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան լրատվական ծառայությունից:
Աղբյուրը հիշեցնում է, որ 2014 թվականին ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվել է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների ներկա վիճակի ուսումնասիրություն:
Դաշտավայրն ապահովում է Հայաստանի գյուղատնտեսական ՀՆԱ-ի 40 տոկոսը:
Ուսումնասիրության արդյունքում գրանցվել է ստորերկրյա ջրերի մակարդակի կտրուկ նվազում՝ հիմնականում պայմանավորված ձկնաբուծարանների աճի և ջրօգտագործման անարդյունավետ կառավարմամբ: ԱՄՆ ՄԶԳ եռամյա ԳԱՏՕ ծրագիրը նպաստելու է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսներին վերաբերող տվյալների արդիականացմանը, ընտրված 10 ձկնաբուծարաններում ջրառի ծավալի ավտոմատ վերահսկման համակարգի տեղադրմանը, ինչպես նաև ջրի և էներգիայի օգտագործման նորարարական տեխնոլոգիաների կիրառմանը:
Կուսումնասիրվեն և ՀՀ կառավարությանը կներկայացվեն առաջարկություններ՝ ձկնաբուծության նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործման վճարի օպտիմալ դրույքաչափերի սահմանման նպատակով: