09/02/2016 16:52
Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Շվեդիայի արտգործնախարարին
Այսօր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է պաշտոնական այցով Երևան ժամանած Շվեդիայի Թագավորության արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմին: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ լրատվական ծառայությունից:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ փոխայցելությունները, միջազգային համաժողովների շրջանակներում հանդիպումները ավանդական են դարձել, ինչը թույլ է տալիս քննարկել ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը և նախանշել նոր ծրագրեր։
Շնորհակալություն հայտնելով Երևան այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար՝ Շվեդիայի արտգործնախարարն ասել է, որ իր երկիրը կարևորում է Հայաստանի հետ համագործակցության զարգացումը ինչպես երկկողմ, այնպես էլ եվրոպական և բազմակողմ ձևաչափերով։ Տիկին Վալստրյոմը նշել է, որ երկու երկրների միջև դիվանագիտական շփումների ակտիվացումը մեծ հնարավորություն է ընձեռում տարբեր ոլորտներում երկկողմ փոխգործակցության, այդ թվում՝ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման համար:
Հայաստանի և Շվեդիայի արտգործնախարարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է արվել առևտրատնտեսական, կրթական, գիտական, մշակութային, առողջապահության ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորություններին, իրավապայմանագրային դաշտի կատարելագործմանը: Շեշտվել է տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության զարգացման համար առկա ներուժը:
Քննարկվել են երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական քաղաքական խորհրդատվությունների անցկացման հետ կապված հարցեր: Կարևորվել է մարդկային շփումների խթանումը:
Անդրադարձ է արվել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ մեկնարկած բանակցություններին: Մարգոտ Վալստրյոմը նշել է, որ Շվեդիան սատարում է Հայաստանի հետ հավակնոտ համաձայնագրի մշակմանը։
Էդվարդ Նալբանդյանը Մարգոտ Վալստրյոմին ներկայացրել է Հայաստանում բարեփոխումների ընթացքը՝ շնորհակալություն հայտնելով այդ առումով ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող շարունակական աջակցության համար:
Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի: Նախարար Նալբանդյանը տեղեկացրել է դրանց վերաբերյալ Հայաստանի մոտեցումների մասին: Քննարկվել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, տարածաշրջանում փոքրամասնությունների պաշտպանության հարցերը։ Շեշտվել է ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերը համախմբելու կարևորությունը։
Զրուցակիցներն անդրադարձել են ղարաբաղյան կարգավորման գործընթացին: Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ընթացող բանակցային գործընթացի վերջին զարգացումները, իրավիճակը հակամարտության գոտում:
Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանն ու Մարգոտ Վալստրյոմը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության և Շվեդիայի Թագավորության կառավարությունների միջև գույքի և եկամտի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիր։
Ստորագրման արարողությունից հետո նախարարները հանդես են եկել համատեղ մամլո ասուլիսով։