09/02/2016 10:07
Մոսկվայի համաձանագրի չեղարկումով` կչեղարկվի նաև Կարսի պայմանագիրը. Քաղաքագետ
ՌԴ Պետդումայի կոմունիստները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկ են ներկայացրել, որտեղ պահանջել են չեղարկել 1921 թվականի մարտի 21-ին Մոսկվայում Թուրքիայի հետ ստորագրված համաձայնագիրը:
Թեմայի առնչությամբ՝ քաղաքագետ Լևոն Շիրինյանն Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ եթե խոսքը գնար միայն Կարսի դաշնագրի մասին, ապա ռուսները թուրքերի հետ բանակցելու տեղ կթողնեին և դա միայն շահարկման թեմա կդառնար կողմերի միջև, սակայն եթե առաջարկում են չեղարկել Մոսկվայի համաձայնագիրը, ապա դա նշանակում է, որ Թուրքիայի ու Ռուսաստանի միջև լուրջ խնդիր է հասունանում:
«Կարսի դաշնագիրը ոչ մի ինքնուրույն նշանակություն չունի, սակայն Մոսկվայի համաձայնագիրը բավականին լուրջ խնդիր է: Ճիշտ է, Ռուսաստանը հայտարարում է, թե իբր Կարսի դաշնագրի մասնակից չէ, բայց այն, որ դրա ռեժիսորն է, փաստ է: Մոսկվայի համաձայնագիրն ինքնուրույն օժանդակության իրավական ուժ ունեցող փաստաթուղթ է, իսկ եթե այն չեղարկվի, կչեղարկվի նաև Կարսի պայմանագիրը»,- ասաց նա:
Քաղաքագետի խոսքով՝ ռուսները Կարսի պայմանագրին թեև մասնակցել են, բայց դրան կողմ չեն եղել,սակայն Մոսկվայի պայմանագիրը շատ կարևոր է և մեծ նշանակություն ունի հատկապես Հայաստանի համար: «Եթե իսկապես խոսք է գնում Մոսկվայի համաձայնագրի մասին, ապա սա խաղ չէ: Այդ ժամանակ մենք կհասկանանք, որ ռուսական խաղը մեծ մակարդակի է, նրանք իսկապես ունեն լուրջ մտադրություններ: Իսկ Հայաստանին մնում է միայն լուռ հետևել, թե ինչ զարգացումներ են տեղի ունենալու: Մենք այն ժողովուրդներից ենք, որ պատմությունից դժվար ենք դասեր քաղում: Այսօր էլ մենք՝ որպես պետություն, շատ թույլ ենք, և չենք կարող դիրքորոշում հայտնել, բայց կարող ենք անուղղակի ձևով այդ գործընթացի մեջ մտնել, որպեսզի պարզենք՝ մեր հարցերը թուրքերն ու ռուսներն էլի քննարկո՞ւմ են, թե՝ ոչ: Մենք չպետք թույլ տանք, որ այդ դաշինքն այս անգամ էլ Հայաստանն առևտրի առարկա դարձնի: Մենք պարտավոր ենք իմանալ գոնե նրանց մտադրությունների մասին»,- հավելեց նա:
Լ. Շիրինյանը հիշեցրեց, որ Մոսկվայի դաշնագիրը, որը կնքված է միայն Ռուսաստանի և Թուրքիայի միջև Անդրկովկասի հանրապետությունները բաժանում է սահմանների, ու թեև Ռուսաստանը նման իրավունք չուներ, այդ ժամանակ Թուրքիային նվիրաբերեց ամբողջ Արևմտյան Հայաստանը: «Այս դաշնագրով, որին իրականում Հայաստանը մասնակից չէր, Հայաստանի Առաջին Հանրապետության իրավունքները բաժանում է թուրքերի, Կովկասի թաթարների և վրացիների միջև: Այսինքն՝ ռուսները բաժանել են մի բան, որն իրենցը չէ»,- ասաց նա:
Քաղաքագետն ընդգծեց, որ մոսկովյան փաստաթղթով դեռ այդ ժամանակ Ռուսաստանն ու Թուրքիան իմպերիալիստական սկզբունքով կնքել են գործարք, որը կոչել են եղբայրական պայմանագիր: «Սա փաստաթուղթ է՝ կնքված Լենինի և Քեմալի միջև: Այսինքն՝ այստեղ գործարքը կնքվել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև, ովքեր հոշոտել, մեջ-մեջ են արել ամբողջ Արևմտյան Հայաստանը, որն այդ տարիներին եղել է օրինական պետություն: Օրինական պետություն, որը հաշվի չառան ո՛չ ռուսները, ո՛չ էլ առավելևս թուրքերը: Հայաստանը քայքայեցին նաև հայ բոլշևիկները: Ստորաքարշ հայ բոլշևիկներն այդ ժամանակ ստանձնում էին ընդամենը մարիոնետների դեր, ովքեր կատարում էին բացառապես Ռուսաստանի հրահանգները: Նրանք ոչ մի կերպ չկարողացան այդ պայմանագրերին դեմ լինել»,- ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է Կարսի պայմանագրին, ապա Կարսում 1921 թվականի մարտի 21-ին ինչ-որ պայմանավորվել էին Ռուսաստանն ու Թուրքիան, երեք կողմերին՝ Հայաստանին, Վրաստանին ու Ադրբեջանին նստեցրել են սեղանի շուրջ և ստորագրել տվել այդ անօրինական համաձայնագիրը: «Կարսի դաշնագիրն իրականում որևէ նշակություն չունեցող փաստաթուղթ է, որի ժամանակ Ռուսաստանը ստանձնել է միայն դիտորդի դեր»,- հավելեց նա: