09/02/2016 18:00
Բագրատյան. ԵՏՄ կառույցում տարբերություն չկա՝ ապրանքը գալիս է Մոսկվայից, թե՝ Հրազդանից
ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը համոզված է, որ Ռուսաստանը մսամթերիք շուկայում Հայաստանի առջև որակական բարձր պահանջներ է նեկայացրել, սակայն դրանք պատժամիջոց չեն համարվում: Նման կարծիք հայտնեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատգամավորը՝ ընդգծելով, սակայն, որ ԵՏՄ անդամագրվելուց հետո ոչ թե Ռուսաստանն է Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառում, այլ Հայաստանն՝ ինքն իր նկատմամբ, ինչն անթույլատրելի է:
«ԵՏՄ-ից Հայաստան ապրանքները ներմուծվում են նույն գնով, ինչ՝ արտսահմանից: Այս մասին հատարարել է նաև ԵՏՄ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան: Բացի դա՝ ես եմ այդ մասին մի քանի անգամ բարձրաձայնել ԱԺ ամբիոնից, և հայտարարել, որ կառավարությունն ու ֆինանսների նախարարությունը ապօրինաբար ապրանքները հարկում են»,- ասաց նա:
Պատգամավորը ևս մեկ անգամ շեշտեց, որ ինքը թեև ԵՏՄ-ի «երկրպագուն» չէ և չի էլ եղել, բայց եղել և շարունակում է մնալ այն կարծիքին, որ ԵՄ-ն Հայաստանի համար ավելի լավ հնարավորություններ է բացում, քան՝ ԵՏՄ-ն: Բագրատյանի համոզմաբ՝ ԵՏՄ կառույցն անհեռատես ու անկանխատեսելի կառույց է, որտեղ Հայաստանի համար չկան նպաստավոր պայմաններ:
«ԵՏՄ-ն միավորում է այնպիսի երկրների, որոնք ունեն սիմետրիա արտադրության կառուցվածք, մինչդեռ այդ երկրները պետք է լինեին ասիմետրիա, որպեսզի այդ երկրների տնտեսությունները զարգանային: Թեև ես կողմ չեմ քվեարկել այդ որոշմանը, բայց ասել եմ, որ եթե ընտրեք ԵՏՄ կառույցը, ապա այն ևս ինչ-որ հնարավորություններ ստեղծում է մեզ համար, փորձեք օգտվել ընձեռված այդ հնարավորություններից, բայց արի ու տես՝ չօգտվեցին նաև դրանից»,- հայտարարեց պատգամավորը:
Հ.Բագրատյանի խոսքով՝ Հայաստանն արդեն մեկ տարի է, ինչ անդամակցում է այդ կառույցին, սակայն Հայաստանի տնտեսությունը զարգացնելու համար անգամ չեն էլ փորձել նպաստավոր պայմաններ ստեղծել: «Ապրանքներն հարկվում են այնպես, ինչպես առաջ էին հարկվում: Եվ խոսքը վերաբերում է ոչ միայն սահմանում ավելացված արժեքի հարկին, այլև՝ մաքսատուրքերի ու զանազան վճարներին: Եթե մենք ընդգրկվել ենք ԵՏՄ կառույցում, տարբերություն չկա, ապրանքը գալիս է Մոսկվայից, թե՝ Հրազդանից: Ոչ մի ձևակերպում, ոչ մի միջամտություն մաքսային մարմինների համար չկա: Ինչ ուզում, ոնց ուզում անում են: Այս մասին նաև կառավարությանն եմ զգուշացրել»,- մանրամասնեց Հ. Բագրատյանը:
Նա ասաց, որ 2015 թվականի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ միայն վերջին 11 ամիսների ընթացքում Ռուսաստանի հետ Հայաստանի առևտուրը պակասել է շուրջ 9 տոկոսով, Բելառուսի հետ՝ 10 տոկոսով, Ղազախստանի հետ՝ 15 տոկոսով, փոխարենը ավելացել է առևտուրը Ղրղզստանի հետ, այն էլ մի քանի տոկոսով:
«Հիմա հարցրեք էն դոկտորներին, տնտեսագետներին, ովքեր հայտարարում էին, թե Հայաստանի համար բացվում է մի քանի միլիոնանոց շուկա. բա ո՞ւր է այդ 172 միլիոնանոց շուկան: Բա մենք էլ մեզ ճղում էիք, որ խաբում եք ժողովրդին, բա ո՞ւր են հիմա այդ միլիոնները»,- եզրափակեց խոսքը պատգամավորը: