09/02/2016 13:21
Սիլվա. «ՊՍԺ»-ն կարող է առաջնությունն առանց պարտության ավարտել
«Պարի Սեն Ժերմենի» պաշտպան Տյագո Սիլվան Ֆրանսիայի առաջնության 25-րդ տուրի՝ «Մարսելի» հետ խաղից (2:1) հետո հայտարարել է, որ փարիզյան թիմը կարող է ընթացիկ առաջնությունում պարտություն չկրել:
«Բարդ հանդիպում էր, «Մարսելը» մեծածավալ աշխատանք կատարեց: Չգիտեմ՝ արժանի՞ էինք հաղթանակի, թե՞ ոչ, բայց կարևորն այն է, որ հաղթեցինք: Այս կապակցությամբ շատ ուրախ ենք և մտադիր ենք նույն ոգով շարունակել:
«Պարի Սեն Ժերմենն» իսկապես կարող է ընթացիկ առաջնությունն առանց պարտության ավարտել: Պարզապես պետք է շարունակենք նույն մակարդակով հանդես գալ: Դա մեզ համար նպատակ չէ, բայց եթե ստացվի, հիանալի կլինի»,- Սիլվայի խոսքը մեջբերված է «Canal Plus»-ից:
Հավելենք, որ Ֆրանսիայի առաջնության շրջանակում «Պարի Սեն Ժերմենն» արդեն 34 հանդիպում է՝ պարտություն չի կրել: Փարիզյան թիմն ընթացիկ առաջնությունում վաստակել է 69 միավոր և երկրորդ հորիզոնականում գտնվող «Մոնակոյին» գերազանցում է 24 միավորով: