09/02/2016 12:18
ՌԴ դեսպան. Թուրքիան ներողություն պետք է խնդրի խոցված ինքնաթիռի համար
Ռուս-թուրքական հարաբերությունները կարող են երկար ժամանակ սառեցված մնալ, եթե պաշտոնական Անկարան չփոխի իր դիրքորոշումը ռուսական Սու-24 ինքնաթիռի ոչնչացման հարցում: Այս մասին հայտարարել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովը:
Ինչպես փոխանցում է Риа Новости-ն, դեսպանը նշել է, որ կան մի շարք երկրներ, որոնց հետ Ռուսաստանն ուղղակի ունի հարաբերություններ, որոնք իրականում չեն զարգանում: «Հենց նման հարաբերություններ մենք կունենանք նաև Թուրքիայի հետ, եթե վերջինս չփոխի իր դիրքորոշումը»,- ասել է դեսպանը՝ հավելելով, որ Ռուսաստանը պաշտոնական ներողություն է ակնկալում Թուրքիայից՝ խոցված ռուսական ինքնաթիռի համար:
«Նախագահ Վլադիմիր Պուտինն ամենասկզբից հայտարարել է, թե Թուրքիան ինչ պետք է անի մեր հարաբերությունների այս խորագույն ճգնաժամը հաղթահարելու համար: Մենք թուրքական կողմից ակնկալում ենք պաշտոնական ներողություն, մեղավորների պատիժ և փոխհատուցում այն վնասի համար, որը հասցվել է մեր պետությանը: Թուրքիայի հայտարարությունն այն մասին, թե իրենք ցավում են կատարվածի համար, ակնհայտորեն բավարար չէ, և դրանց մակարդակը չի համապատասխանում կատարվածին: Հետևաբար՝ հաջորդ քայլը թուրքական կողմինն է»,- ասել է դեսպանը:
Նա նաև նշել է, որ ռուս-թուրքական բարձրագույն մակարդակի հանդիպում ակնկալելն իմաստ չունի, քանի դեռ խոցված ինքնաթիռի հարցով պաշտոնական Անակարայի դիրքորոշումն անփոփոխ է: Նա հիշեցրել է, որ Թուրքական կողմը բազմիցս հայտարարել է, որ կցանկանար բարձրագույն մակարդակի հանդիպում անցկացնել, սակայն եթե այդ երկիրը չփոխի իր դիրքորոշումը, ապա հանդիպման մասին խոսելը ևս անիմաստ է: