09/02/2016 17:49
Ի՞նչ է ասելու մարտյան ասուլիսում Արա Աբրահամյանը
Վերջին օրերին մամուլը գրեց, թե Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հրաժարվել է կուսակցություն ստեղծելու մտադրությունից, որի հավանականության մասին հայտարարել էր մի քանի ամիս առաջ:
Հիշեցնենք, Երևանում կայացած ասուլիսում Ա. Աբրահամյանը հայտարարել էր, որ ունի նման մտադրություն, բայց հարցը դեռ քննարկման փուլում է, իսկ վերջնական որոշման մասին նա կհայտարարի արդեն այս մարտին:
«Քաղաքականությամբ զբաղվելու որոշում ընդունելու դեպքում որևիցե կուսակցության, անձի չեմ քննադատելու․ բավարարվելու եմ ընտրողներին մեր ծրագրերը ներկայացնելով: Իշխանափոխություն, իհարկե, չեմ ուզում: Ես ուզում եմ ընտրությունների մասնակցեմ»,- անցած տարեվերջին ասել էր Արա Աբրահամյանը:
Aysor.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ անկախ որոշումից Արա Աբրահամյանը մարտին կհրավիրի խոստացած ասուլիսը ու կհայտարարի իր որոշման մասին:
«Վերջնական որոշում այս պահին դեռ չկա, բայց պարոն Աբրահամյանն ինքը կհայտարարի ցանկացած արդյունքի դեպքում: Կան շատ նյուանսներ, որոնք քննարկման, մշակման կարիք ունեն: Ի վերջո, Ա. Աբրահամյանի նպատակը Հայաստանին օգտակար լինելն է, ոչ թե հակառակը»,- փոխանցեց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ ներկայում քննարկման փուլում են տնտեսական նախագծերն ու ծրագրային դրույթները, որոնցով Ա.Աբրահամյանը մտադիր է հանդես գալ հանրության առջև:
Նշենք, որ փետրվարի 21-ին կայանալու է Արթուր Բաղդասարյանի «Հայկական Վերածնունդ» կուսակցության համագումարը և ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Արա Աբրահամյանը հնարավոր է մասնակցի դրան: Հավանական է, որ իր ասելիքը Ա.Աբրահամյանը հենց այդ օրն էլ հնչեցնի, կամ գոնե հստակեցնի որոշ մանրամասներ: Ի վերջո, արդեն ժամանակն է հստակեցնել 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների մասնակցության ձևաչափը՝ սեփական կուսակցությունով, որի ստեղծման շուրջ մտորումները, փաստորեն, շարունակվում են, թե գուցե նույն «Հայկական վերածննդի» ցուցակով: