09/02/2016 17:39
Բագրատյանը կդիմի Պուտինին
«Տիգրան Սարգսյանը ձախողեց ՀՀ տնտեսությունը, նա հայտնի է օֆշորային սկանդալներով, ինչպես նաև Նաիրիտի գործարանի թալանով, և այսօր հանկարծ այդ մարդը հայտնվում է ԵՏՄ-ում».- լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով ԵՏՄ հանձնաժողովի նախագահի պաշտոնում Տիգրան Սարգսյանի նշանակման մասին, ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ նշելով, որ ինքն ի սկզբանե դեմ է եղել նրա նշանակմանը:
«Նրա ազատման հարցով կդիմենք ինչպես Ղազխստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևին, այնպես էլ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ պահանջելով բացատրություն: Տիգրան Սարգսյանը մասնագետ չէ, բայց սովոր է, մասնագետ չլինելով հանդերձ, ստանձնել ամենաբարձր պաշտոններ: Այստեղ ոչ մի նախանձի խնդիր չկա»,- ասաց ՀԱԿ պատգամավորը:
Անդրադառնալով ռուբլու արժեզրկմանը՝ պատգամավորն ընդգծեց, որ երեկ թեև Տ. Վալովայան հայտարարեց, որ պատրաստ չեն նոր արտարժութի կիրառմանը, բայց ԵՏՄ կառույցում առաջ է գալու միասնական արտարժույթի ստեղծման հարցը:
«ԵՏՄ-ում անպայման լինելու է միասնական արտարժույթի ստեղծման խնդիրը. Կա՛մ բոլորը կմտնեն ռուբլու գոտի, ինչը Ռուսաստանի ցանկությունն է, որի համար էլ այսօր պայքարում է, կա՛մ կստեղծվի նոր դրամ, կամ էլ՝ կանխիկ գումար չի տրվի, բայց կանխկի վճարումները կիրականացվեն հաշվարկային պալատի միջոցով»,- ասաց նա:
Պատգամավորի խոսքով՝ մտնելով ԵՏՄ կառույց, անդամագրվող երկրները պարտավոր էին առևտուրն իրականացնել ոչ դոլարով: Ու եթե շատերը պնդում են, թե իրականում այդպիսի հնարավորություն չկա, Հ. Բագրատյանը հակառակ տեսակետն ունի.
«Իրականում նման հնարավորություն կա: Դա կարող են իրականացնել քլինինգային պալատի միջոցով: Դա կնվազեցնի պահանջարկը դոլարի նկատմամբ և կստեղծվի կայունություն: Նման բան Հայաստանը նախաձեռնել է դեռևս 1991-94 թվականներին: Հայաստանն ապացուցել է, որ մենք կարողանում ենք առանց դոլարի առևտուր իրականացնել: Կլինինգային պալատը կլինի առաջին քայլը, որից հետո կարելի է մտածել նաև միասնական արտարժույթի ստեղծման մասին»: