09/02/2016 12:57
Է. Մարուքյանի պահանջը կատարվեց. «Վեգա» խանութների ցանցի նկատմամբ վարույթ է հարուցվել
Փետրվարի 3-ին ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դիմել էր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ առաջարկելով հարուցել վարչական վարույթ «Վեգա» էլեկտրատեխնիկայի խանութների ցանցի նկատմամբ և խախտումներ հայտնաբերելու դեպքում օրենքով սահմանված կարգով լուծել պատասխանատվության հարցը: Քիչ առաջ պատգամավորը Facebook-յան իր էջի միջոցով տեղեկացրեց, որ այսօր առավոտյան ստացել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի պատասխանը, որում ասվում է, որ հանձնաժողովը հարուցել է վարույթ, իսկ Է.Մարուքյանը հրավիրվել է հանձնաժողովի՝ փետրվարի 22-ի դռնբաց նիստին, որտեղ քննարկվելու է դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթում առկա փաստական հանգամանքների վերաբերյալ հարցը:
Հիշեցնենք, Է.Մարուքյանը ահազանգել էր, որ «Վեգա» էլեկտրատեխնիկայի խանութների ցանցը հունվար ամսին հաղորդագրություններ է տարածել իր ապրանքների ամբողջ տեսականին ինքնարժեքով վաճառելու վերաբերյալ: Սակայն, այցելելով Երևանի Զեյթուն համայնքում գտնվող «Վեգա» խանութի մասնաճյուղը, պատգամավորը հայտնաբերել էր, որ հաղորդագրությունը չէր համապատասխանում իրականությանը, քանի որ ակնհայտ էր, որ վաճառքի գները որևէ կերպ չէին կարող ինքնարժեք լինել: Ելնելով նշված փաստերից՝ Է.Մարուքյանը հանձնաժողովի նախագահից խնդրել էր ընթացք տալ իր պաշտոնական դիմումին, հարուցել համապատասխան վարույթ և խախտումներ հայտնաբերելու դեպքում օրենքով սահմանված կարգով լուծել պատասխանատվության հարցը:
Նշենք, որ «Վեգա» խանութների ցանցը պատկանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: