09/02/2016 13:59
Նալբանդյան. Ստատուս քվոյի պահպանման առաջին պատասխանատուն Ադրբեջանն է
Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շրջանակներում ստատուս քվոյի պահպանման առաջին պատասխանատուն Ադրբեջանն է, որը սրում է իրավիճակն ու չի արձագանքում Մինսկի խմբի եռանախագահների կոչերին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Դիտարկմանը, թե վերջերս Մամեդյարովն իր մեկնաբանություններում արդեն ծաղրում է Մինսկի խմբի համանախագահներին, նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանն ու Մինսկի խումբը շահագրգիռ են ստատուս քվոյի փոփոխությանը, մինչդեռ Ադրբեջանը բանակցային ճանապարհով հարցի կարգավորման հանձնառությունը չստանձնելու միջոցով նպաստում է ստատուս քվոյի պահպանմանը:
«Առաջին պատասխանատուն Ադրբեջանն է, որ ստատուս քվոն պահպանվում է: Ստատուս քվոն կարելի է փոխել բանակցությունների արդյունքում՝ պայմանավորվածություններ ձեռք բերելու միջոցով: Ո՞վ է դեմ հետաքննության մեխանիզմների ստեղծմանը, իհարկե, Ադրբեջանը: Նրանք հնարել են, որ եթե մեխանիզմը ստեղծվի, դա կնպաստի ստատուս քվոյի պահպանությանը, մինչդեռ ճիշտ հակառակը, եթե մեխանիզմը հաստատվի, ավելի բարենպաստ պայմաններ կստեղծի խնդրի կարգավորման բանակցությունների շարունակության ուղղությամբ»,-ասաց նախարարը՝ հույս հայտնելով նաև, որ Ադրբեջանը հետ կկանգնի իր որդեգրած ապակառուցողական քաղաքականությունից:
Է. Նալբանդյանը վստահեցրեց, որ Հայաստանը կշարունակի ջանքերը բացառապես հիմանխնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Ինչ վերաբերում է Մինսկի խմբի համանախագահներին ծաղրելուն, նա նկատեց, որ դա պաշտոնական Բաքվի կողմից եզակի քայլ չէ: Նա շեշտեց, որ Բաքուն բազմիցս օգտագործում է միջազգային հարաբերությունների ոգուն ոչ հարիր արտահայտություններ, որոնք ուղղված են, մասնավորապես, եռանախագահներին ու բոլոր նրանց, ովքեր հանդգնում են հայտնել կարծիք, որը չի համընկնում Ադրբեջանի պաշտոնական տեսակետին:
«Դրանով Ադրբեջանը շանտաժի է ենթարկում նրանց ու փորձում ինչ-որ օգուտներ կորզել, որը, սակայն, ուղղվում է հենց իր դեմ: Զարմանալի է, որ այդ ամենից նրանք դասեր չեն քաղում: Միջազգային հանարության կարծիքն ու դիրքորոշումը այս կեցվածքի վերաբերյալ տարեցտարի ավելի հասցեական ու ակնհայտ է դառնում»,-ասաց ԱԳ նախարարը: