09/02/2016 13:05
Է. Նալբանդյան. Կարևոր է Հայաստան-Շվեդիա հարաբերությունների դինամիկ առաջընթացը
«Մենք բազմիցս հնարավորույթուններ ենք ունեցել հանդիպելու թե՛ Ստոկհոլմում, թե՛ տարբեր միջազգային համաժողովների, ֆորումների շրջանակներում: Վերջին մեր հանդիպումը դեկտեմբեր ամսին էր, որտեղ պայմանավորվեցինք, որ Շվեդիայի արտգործնախարարը կգա Հայաստան»,- Երևանում տեղի ունեցած Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Ողջունելով հյուրին՝ ՀՀ արտգործնախարարն ընդգծեց, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Շվեդիա հարաբերությունների հետագա զարգացման վերաբերյալ հարցեր, որտեղ կարևորել են դրանց դինամիկ առաջընթացը:
Նախարարի խոսքով՝ դեսպանություններն ակտիվ գործուներություն են ծավալել հարաբերությունների զարգացման, ընդլայնման, խորացման ուղղությամբ:
«Այսօր մենք հնարավորություն ունեցանք շարունակելու մեր բազմաբովանդակ երկխոսությունը` երկկողմ օրակարգի, տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների շուրջ։ Անդրադարձանք առևտրատնտեսական, կրթական, գիտական, մշակութային, առողջապահության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորություններին: Պայմանավորվածություններ ձեռք բերեցինք իրավապայմանագրային դաշտի կատարելագործման, ինչպես նաև ներդրումների խթանման շուրջ: Ինչպես հայտնի է, Հայաստանում գործում են շվեդական կապիտալով մի շարք կազմակերպություններ: Այս առումով կարևորեցինք քիչ առաջ ստորագրված գույքի և եկամտի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիրը»,- հավելեց նախարարը։
Է. Նալբանդյանը հույս հայտնեց, որ կողմերի միջև կշարունակվի նաև բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունը, պարբերական կդառնան երկու արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդատվությունները` համագործակցության առավել խորացման նպատակով:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան - Եվրամիություն հարաբերություններին, որտեղ կարևորվել են հատկապես ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի ձեռքբերման շուրջ մեկնարկած բանակցությունները: