09/02/2016 13:30
Հայաստանը շահագրգռված է շարունակել համագործակցությունը ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի հետ. Էդվարդ Նալբանդյան
Հայաստանը շահագրգռված է շարունակել համագործակցությունը ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի հետ: Այս մասին Շվեդիայի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն՝ անդրադառնալով ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի կողմից օրերս հրապարակած զեկույցին, որը վերաբերում էր Հայաստանում դեկտեմբերի 6-ին անցկացված սահմանադրական հանրաքվեին:
«ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ն ընդհանրապես չի զբաղվում հանրաքվեների դիտարկմամբ, որովհետև անդամ երկրները նման հանձնառություններ չեն ստանձնել: Հայաստանը հրավիրել էր ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ին՝ ունենալով մեկ նպատակ, որ սահմանադրության հանրաքվեն անցկացվի հնարավորինս թափանցիկ, հնարավորինս շատ դիտորդների մասնակցությամբ»,- ընդգծեց նախարարը:
Է. Նալբանդյանն ասաց, որ մոնիտորինգի ժամանակի ու ձևաչափի առումով լիակատար ազատություն էր տրամադրվել ԺՄԻԳ-ին, սակայն չնայած դրան՝ կառույցը որոշել էր սահմանափակվել էր ընդամենը չորս դիտորդով:
«Կարող եմ ասել, որ իրենց կողմից մեզ կից ուղարկված նամակում բարձր է գնահատվում շարունակական արդյունավետ համագործակցությունը, որը հաստատվել է Հայաստանի և ԺՄԻԳ-ի միջև: Կառույցի ղեկավարը զեկույցում հույս էր հայտնում, որ առաջարկները, որոնք արվել են, Հայաստանը նկատի կառնի ու մենք կշարունակենք մեր համագործակցությունը նույն ոգով՝ ուղղված ապագայում Հայաստանում ընտրական համակարգի էլ ավելի բարելավմանը: Հայաստանը շահագրգռված է այդ համագործակցության շարունակմամբ»,-մանրամասնեց ԱԳ նախարարը: