09/02/2016 11:08
Տնտեսագետ. «Գազպրոմ Արմենիան» պետք է վերանայի մոտեցումը
Համաշխարհային տնտեսությունում էներգակիրների գնի նվազումը պետք է իր արտացոլումը գտնի նաև գազի սակագնի մեջ: Եթե զուտ տնտեսագիտական տրամաբանությամբ շարժվենք, ապա նավթի գնի անկումը բացասաբար է ազդում դրա փոխարինիչ հանդիսացող գազի պահանջարկի վրա, ինչը պետք է հանգեցնի սակագնի նվազման: Մեկնաբանելով գազի գնի նվազեցման վերաբերյալ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը, Aysor.am-ին ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ ակնհայտ է նաև, որ գազի սակագնի նվազումը էական ազդեցություն կունենա տնտեսության վրա՝ դրական ազդակներ հաղորդելով դրան, ուստի և կառավարության մտահոգությունը հարցի վերաբերյալ հասկանալի է:
«Գաղտնիք չէ, որ տեղական արտադրության ինքնարժեքի կառուցվածքում էական դերակատարում ունի գազի սակագինը: Հետևաբար գազի սակագնի իջեցումը պետք է դրականորեն ազդի ապրանքների գների վրա և բարձրացնի դրանց մրցունակությունը ինչպես տեղական շուկայում, այնպես էլ արտերկրում:
Գազի սակագնի հետ կապված մի կարևոր դիտարկում ևս կցանկանայի կատարել: Սակագինը պետք է հետաքրքրի ոչ միայն կառավարությանը, սպառողներին, այլ նաև մատակարար կազմակերպությանը՝ «Գազպրոմ-Հայաստան» ընկերությանը: Անշուշտ բնական մենաշնորհ լինելով ընկերությունը ապահովագրված է մրցակիցներից, բայց դա բնավ չի ենթադրում, որ սակագնի շարունակական աճը բխում է ընկերության շահերից: Գազի դեպում ևս գործում են այն բոլոր տնտեսական մեխանիզմները, ինչ ցանկացած այլ ապրանքի պարագայում. Որքան գինը բարձր է, այնքան պահանջարկը և սպառման ծավալները ցածր են»- ասաց տնտսագետը:
Նրա խոսքով՝ սակագնի նվազումը կհանգեցնի սպառման ծավալների աճի, ինչը միգուցե անգամ բարձրացնի ընկերության շահութաբերությունը:
«Կարծում եմ՝ այս առումով «Գազպրոմ-Հայաստան» ընկերությունը պետք է մի անգամ ևս վերանայի իր գնային քաղաքականությունը, վերլուծի սպառմանը վերաբերող տվյալները և որոշակի եզրահանգումներ անի: Մի բան ակնհայտ է, որ գնալով մենք արձանագրում ենք գազի սպառման ծավալների անկում, ինչը ի թիվս այլ գործոնների, արդյունք է նաև սակագնի բարձրացման»,- հավելեց Կ. Խաչատրյանը: