09/02/2016 18:56
Դեսպան. Ճապոնիան կարևորում է բարեկամ Հայաստանի հետ համագործակցության խթանումը
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ճապոնիայի ԱԳՆ Կովկասի հարցերով հատուկ բանագնաց, դեսպան Թոշիհիրո Այկիին: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:
Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը կարևորել է Ճապոնիայի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունների հետագա խորացումը և տարբեր ոլորտներում բազմաբովանդակ փոխգործակցության ընդլայնումը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ճապոնիայի ԱԳՆ հատուկ բանագնացն ընդգծել է, որ իր երկիրը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ համագործակցության խթանումը, ինչին նպաստում են բարձրաստիճան շփումներն ու փոխայցելությունները։
Հանդիպմանն անդրադարձ է արվել ՀՀ Նախագահի՝ Ճապոնիա կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, ԱԳՆ-ների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացման, խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի միջև փոխգործակցության, միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման, առևտրատնտեսական կապերի ընդլայնման, մշակութային փոխանակումներին առնչվող հարցերին։
Նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել Ճապոնիայի կողմից Հայաստանի զարգացմանն ուղղված աջակցությունը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ խնդիրների շուրջ։ Դեսպան Այկին ներկայացրել է Կորեական թերակղզում անվտանգության և կայունության ամրապնդման ուղղությամբ գործադրվող ջանքերը։ Մտահոգություն հայտնվեց Հյուսիսային Կորեայի կողմից՝ ի խախտումն ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերի, բալիստիկ հրթիռի արձակման կապակցությամբ։
Նախարար Նալբանդյանն անդրադարձ է կատարել ղարաբաղյան հիմնախնդրին` ներկայացնելով հակամարտության գոտում տիրող իրավիճակը, բանակցային գործընթացի վերջին զարգացումները, ինչպես նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ջանքերն՝ ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը: