09/02/2016 11:56
Վ. Բաբայան. ԲՀԿ-ն փետրվարին համագումար չունի
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը փետրվարին համագումար չի անցկացնելու: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության անդամ, կուսակցության խոսնակ Վահան Բաբայանը՝ մեկնաբանելով մամուլի հրապարակումը:
«Այո, 2016 թվականին կուսակցությունն անցկացնելու է հերթական համագումար, բայց փետրվար ամսին որևէ համագումար նախատեսված չէ»,- տեղեկացրեց նա՝ ավելացնելով, որ համագումարի ժամկետները կուսակցության ներքին քննարկելիք խնդիրն է, և այս պահին նման բան որոշված չէ:
Նշենք, որ ըստ մամուլի՝ «խմորումները ԲՀԿ-ում չեն ավարտվում կոալիցիայի թեմայով, խնդիրը տարածքային կառույցների ու ԲՀԿ ղեկավարության միջև բացված անդունդն է, որն առաջիկայում էլ ավելի է խորանալու: Աբրահամ Մանուկյանի կուրացիային ենթարկվող տարածքայիններում առաջիկայում էլ ավելի կսրվի կուսակցության քաղաքական գծի հարցը՝ լինել անկեղծ իշխանակա՞ն, թե՞ կեղծ ընդդիմադիր: Չի բացառվում անգամ, որ առաջիկա ամսում սպասվող կուսակցության համագումարին այս հարցը բարձրացվի»։
Ինչ վերաբերում է ներքին խմորումների մասին լուրերին, Վահան Բաբայանը նշեց, որ ինքը բազմիցս է այդ մասին հայտարարել, որ ԲՀԿ-ում կան տարբեր տեսակետներ, անցկացվել են տարբեր դեբատներ տարբեր հարցերի շուրջ, որն էլ խոսում է կուսակցության ներքին ժողովրդավարության մասին.
«Իսկ այլ անհեթեթությունների վերաբերյալ մեկնաբանություններ չեմ անում»,- հավելեց մեր զրուցակիցը: