09/02/2016 09:50
Շիրխանյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է
Ազգային անվտանգության ծառայության կողմից վնասազերծված «հանցավոր խմբի» գործի շրջանակներում ձերբակալված Վահան Շիրխանյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է: Այս մասին «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը՝ նշելով, որ վարույթն իրականացնող մարմինը միջնորդությունը մերժել է՝ նշելով, որ այդ հարցը գտնվում է քրեական վարչության իրավասության շրջանակներում:
Ստեփան Ոսկանյանը նշել է, որ ամեն դեպքում իրենք առանձին դիմում են ներկայացնելու քրեակատարողական վարչություն ՝ Վահան Շիրխանյանին Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոն տեղափոխելու համար՝ այնտեղ լիարժեք հետազոտություններ անցնելու համար: Վահան Շիրխանյանն այժմ գտնվում է «Երևան կենտրոն» քրեակատարողական հիմնարկում: Նա ձերբակալվել է 2015թ դեկտեմբերի 19-ին՝ Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու կասկածանքով: