09/02/2016 09:16
Հարյուրավոր բեռնատարներ կուտակված են Վերին Լարսի անցակետի երկու կողմերում
Հայաստանն իր տնտեսական հիմնական գործընկերոջ՝ ՌԴ-ի հետ կապող միակ ցամաքային ճանապարհը բեռնափոխադրումների համար փակ է արդեն առնվազն երկու շաբաթ: Խոսքը Վրաստանի և Ռուսաստանի սահմանին գտնվող Վերին Լարս անցակետի մասին է:
Ճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Մինչև երեկ նույնիսկ այդ մեքենաներին թույլտրվում էր անցնել Վերին Լարսի հատվածը միայն շղթայակապ անիվներով, և այս սահմանափակումը հանվել է միայն երեկ: Այդ մասին «Հայկական ժամանակին» հայտնել է ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը: Բեռնատարների անցուդարձը արգելված է:
«Մեր տեղեկություններով, հարյուրավոր բեռնատարներ կուտակված են սահմանային անցակետի երկու կողմերում: Ձմռանը Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող ավտոճանապարհի այդ հատվածի անցանելիության խնդիրը եղել և մնում է չլուծված: Անցած տարվա նոյեմբերի սկզբից Վերին Լարսը պարբերաբար փակվել է ձյան պատճառով և խաթարել արտաքին աշխարհի հետ մեր բեռնափոխադրումների հոսքերը: Թե անցած տարվա նոյեմբերի 1-ից մինչ այսօր որքան ժամանակ է բաց եղել ճանապարհը, նախարարությունում ամփոփված վիճակագրություն դեռ չկա»,- հավելել է թերթը: