09/02/2016 15:15
Վրաստանը մտադիր է չեղարկել Իրանի հետ վիզային ռեժիմը
Վրացական կողմի նախաձեռնությամբ՝ երկուշաբթի օրը Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ:
Интерфакс-ի փոխանցմամբ՝ վարչապետի մամուլի ծառայությունից մանրամասնել են, որ կողմերը քննարկել են երկու ժողովուրդների միջև առկա մշակութային սերտ կապերը։
«Կողմերը հույս են հայտնել, որ կխորանա համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում։ Այդ ուղղությամբ վրացական կողմը հստակ քայլ կձեռնարկի, ինչը կարտահայտվի Իրանի հետ վիզային ռեժիմի չեղարկմամբ»,- հայտնել են Վրաստանի կառավարությունից՝ տեղեկացնելով նաև, որ Վրաստանի վարչապետն Իրանի նախագահին շնորհավորել է ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից պատժամիջոցների չեղարկման առնչությամբ։
Հաղորդվում է նաև, որ զրույցի ընթացքում կողմերը խոսել են երկրների միջև առևտրա-տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման, ինչպես նաև՝ տարածաշրջանային զարգացումների մասին։