09/02/2016 09:30
Տավուշի մարզում բերքատու ծառերը ծաղկել են
Վերջին օրերին Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածներում հաստատված տաք եղանակը բերել է նրան, որ մասնավորապես Տավուշի մարզում տեղ-տեղ ծաղկել են բերքատու ծառերը:
Տավուշցիների պնդմամբ՝ նման տեսարանի կարելի է հանդիպել ոչ միայն Իջևանում, այլև մարզի հատկապես ցածրադիր գյուղերում: Պտղատու ծառերի ծաղկելը պայմանավորված է այս հատվածում տաք եղանակով: Մասնավորապես, ըստ եղանակի մասին արխիվային տվյալների՝ Իջևանում բացասական ջերմաստիճան գրանցվել է փետրվարի 1-ին, այն էլ ընդամենը -2 աստիճան: Իսկ դրանից առաջ և դրանից հետո դրական է եղել: Վերջին օրերին ջերմաստիճանը բարձրացել է մինչև 17 աստիճան: Ընդ որում, այս ջերմաստիճանը արձանագրվում է ստվերում և գետնից որոշակի բարձրության վրա: Պարզ է, որ ծառերը արևի տակ են, իսկ այդ դեպքում ջերմաստիճանը էականորեն բարձր է:
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում տեղեկացրել է, որ ժամանակից շուտ բերքատու ծառերի ծաղկելը վտանգավոր է և կարող է հանգեցնել բերքի կորստի: «Եթե ծառերը ծաղկած ժամանակ ցրտահարվեն, ապա այդ տարի այլևս չեն կարող ծաղկել և բերք չի ստացվի»,- ասել է փոխնախարարը: